ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ջերմուկի ճանապարհին առիթ է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ քննարկելու Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցը:
«Առիթ ունեցել ենք ամբողջ ճանապարհին խոսելու և քննարկելու իրավիճակը, և նաև որպեսզի նախարարն ավելի լավ պատկերացնի իրավիճակը, մենք առաջարկել էինք, որպեսզի այցելի Ջերմուկ, տեղում տեսնի իրավիճակը, և ավելի համապարփակ պատկերացում կազմի»,- ասաց ԱԽ քարտուղարը՝ ընդգծելով, որ տպավորություն ունի, թե Ֆրանսիայի ԱԳ նախարարն ամբողջական պատկերացում ունի իրավիճակի վերաբերյալ:
Հարցին՝ ինչո՞վ կարող է աջակցել Ֆրանսիան այս իրավիճակում, և արդյոք փաստահավաք խումբ ուղարկելու մասին քննարկումներ եղե՞լ են, ԱԽ քարտուղարը պատասխանեց, որ Ֆրանսիան շարունակում է ուղիներ փնտրել Հայաստանին օգնելու հարցում:
«Գիտեք, որ Հայաստանն ինտենսիվ աշխատում է միջազգային գործընկերների հետ, որպեսզի միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկվի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Բնականաբար, Ֆրանսիայի հետ էլ ենք քննարկում սա, և ակնկալիք ունենք, որ աջակցություն կստանանք»,- ասաց ԱԽ քարտուղարը:
ԱԽ քարտուղարը, անդրադառնալով հարցին՝ դիտորդների քանակական փոփոխություն կամ կարողությունների փոփոխություն հնարավո՞ր է, նշեց, որ այն քննարկվել է:
«Միանշանակ է, որ ներկայիս դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի, Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար, և մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որպեսզի կարողություններն ավելացնեն մարդկանց թվաքանակի տեսանկյունից և նաև այլ կարողություններ, որպեսզի կարողանանք ավելի պատշաճ դիտարկում իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- ասաց նա:
Հեղինակ՝ Լուսինե Մուրադյան