Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն է ցուցաբերում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. Ֆրանսիան դա միայնակ չի անում, Ֆրանսիան դա անում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողքին և, բնականաբար, կապ պահպանելով ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ, որոնք կարող են օգտակար դեր խաղալ այս գործընթացում: Հայաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան:
«Բոլորս գիտենք, որ խաղաղության ճանապարհը դժվար է գտնել, դժվարին է և հաճախ երկար: Բայց ես ասում եմ Երևանում, ինչպես ասել եմ Բաքվում՝ դա միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա արդար և կայուն խաղաղության հասնելու, միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա նոր հեռանկարներ ստեղծելու երկու երկրների ապագայի և երկու երկրների բանակցությունների համար: Ուստի մենք բոլորին քաջալերում ենք վճռականորեն այդ ճանապարհին կանգնել»,- ասաց Կատրին Կոլոննան:
Նա հիշեցրեց, որ Պրահայում անցյալ հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահը ջանքեր գործադրեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը մի կարևոր քայլ կատարեն՝ վերահաստատելով իրենց հավատարմությունը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար իրենց տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունն են ճանաչում: «Կարծում ենք, որ կարևոր է ամրապնդել այս նվաճումը, շարունակել այս աշխատանքը՝ գուցե առաջնահերթ սահմանագծման աշխատանքները կատարելով, կամ այլ քայլեր, բայց անհրաժեշտ է շարունակել այս աշխատանքը և շատ կոնկրետ այդ հանձնառությունը, որը ձեր վարչապետի և Ալիևի կողմից հայտարարվեց Պրահայում»,- ասաց նա:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց, որ տարածքային ամբողջականության հարգանքը նշանակում է հրաժարվել ցանկացած ուժային գործողությունից: «Ես դա ասել եմ Բաքվում, դա կրկնում եմ այստեղ: Ադրբեջանական ուժերի առաջխաղացումների հանդիման մենք չենք կարող թույլ տալ մի երկրի տարածքային ամբողջականության չհարգանքը, հակառակ պարագայում նույնը կասեի, եթե դուք առաջխաղացումներ ունենայիք Ադրբեջանի տարածքում: Միջազգային իրավունքը պետք է հարգվի, և դա միակ ճանապարհն է, որպեսզի երկու կողմերն էլ առաջ գնան, ուստի մենք չենք կարող ընդունել այն միակողմանի քայլերը, որոնք կատարվում են Ադրբեջանի կողմից, ես դա ասել եմ նաև երեկ: Այս առումով ցանկանում եմ ողջունել ԵՄ դիտորդական առաքելության դերը, քանի որ այն նպաստում է լարվածությունն իջեցնելուն երկու երկրների միջև: Դա դիտորդական առաքելություն է, ոչ զինված առաքելություն է, որը, կարծում եմ, արդյունավետ դեր է խաղում լարվածությունը նվազեցնելու համար՝ թույլ տալու ԵՄ անդամ պետություններին իրենց որոշումները հիմնել օբյեկտիվ հայացքի վրա, դրանից անդին վստահ եմ, որ այս առաքելությունը նպաստում է վստահության մթնոլորտ վերահաստատելուն: Ես տեղում այսօր հանդիպեցի առաքելության անդամների հետ, ցանկանում էի նաև քաղաքական ժեստ դրանով անել, կարծում եմ, որ օգտակար է նրանց դերը»,- նշեց Կոլոննան: