Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը սահմանային իրադրությունը գնահատում է հարաբերական կայուն: Սակայն նա նշեց, որ Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվում։
«Հրադադարի ռեժիմի խախտումների նպատակը իրավիճակը միշտ լարված պահելն է, սակայն իրավիճակը մեր կողմից գտնվում է հսկողության տակ»,- ասաց նա։
Անդրադառնալով ԵՄ դիտորդների հետ համագործակցությանը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նշեց, որ բարձր է գնահատում նրանց հետ աշխատանքը, բոլոր առաջացած հարցերը լուծվում են պատշաճ մակարդակով։ «Մենք առաջին հերթին ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղանքում աշխատելու, այնպես էլ երթևեկությունների ժամանակ։ Նաև մեր առջև դրված մյուս հարցերի շուրջ փոխգործակցում ենք, համագործակցությունը գնահատում եմ բարձր։ Իրենք իրենց առջև դրված խնդիրը կատարում են»,- ասաց Էդվարդ Ասրյանը։
Ինչ վերաբերում է Տեղ գյուղի մոտ ստեղծված իրավիճակին՝ Ասրյանը նշեց. «Տեղի ուղղությամբ ՀՀ զինված ուժերը հակառակորդի հետ արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, ունենք նաև ստեղծած առաջնագիծ, դիրքային համակարգը կատարելագործում ենք։ Օր օրի իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ որոշ ուղղություններում հակառակորդի նկատմամբ նաև առավելություն ստանալու ուղղությամբ։ Մյուս հատվածներում զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են»,- ասաց ԳՇ պետը։