Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատում Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։ Այդ մասին նա ասել է Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպմանը:
«Միանշանակ, ես բարձր եմ գնահատում Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերն իրենց առավել զսպված են զգում։ Շատ լավ է ստացվում Հայաստանի Հանրապետության սահմաններին աշխատանքը»,- նշել է Ասրյանը:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը դրական է գնահատում:
«Ես արձանագրում եմ, որ ձեզ հետ համագործակցությունը շատ դրական է: Մեզ համար դրական արդյունքներ է տալիս այդ աշխատանքը։ Այն մեզ հնարավորություն է տալիս դիտորդական աշխատանքի շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալու, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված չէ, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, սակայն այդ ներկայությունը ամեն դեպքում հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնելու»,- ասել է Կատրին Կոլոննան։