Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է դիմել միջազգային կառույցներին՝ փաստաթղթավորված ներկայացնելու Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո Արցախի բնակչության իրավունքների խախտումների, դրանց հետևանքով առաջացող հնարավոր վտանգների մասին:
Անահիտ Մանասյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Կապի մեջ եմ լինելու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ: Պատրաստվում եմ խնդիրների հետ կապված արձանագրումները նաև բոլոր այլ միջազգային կառույցներին ուղարկել, որոնք կարող են դերակատարում ունենալ այս հարցի հետ կապված: Ներկայացված լինեն այն խնդիրները, որոնք մարդու իրավունքների պաշտպանության բնագավառի տեսանկյունից ի հայտ են եկել ստեղծված իրավիճակի պատճառով:
Պաշտոնը ստանձնելուց հետո Անահիտ Մանասյանն ակտիվ հանդիպումներ է ունեցել մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակի հետևանքով մարդկանց հիմնարար իրավունքների խախտումները: Օմբուդսմենի խոսքով՝ դիվանագետների արձագանքը հստակ է՝ ցանկացած իրավիճակում պետք է երաշխավորվեն մարդկանց իրավունքները:
Անահիտ Մանասյան - Բոլորն էլ մտահոգված են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրներով, և շատ կարևոր է նրանց ցույց տալ, որ այս խնդիրը ոչ թե տարածքային խնդիր է առաջին հերթին, այլ մարդու իրավունքների տեսանկյունից է կարևորագույն խնդիր ներկայացնում, և կենսական խնդիր է ներկայացնում, որովհետև իրավական հարցերը մշտապես պետք է գերակայեն քաղաքական հարցերի նկատմամբ:
Պաշտպանը կարևորում է միջազգային գործընկերների հետ աշխատանքը՝ ընդգծելով, որ իրավական կառուցակարգերի ճշգրիտ օգտագործումը կարող է հետագայում նպաստել նաև քաղաքական դաշտում հարցերի կարգավորմանը: Մանասյանն ամենօրյա կապի մեջ է Արցախի գործընկերոջ հետ:
Անահիտ Մանասյան - Լուրջ դեպքերի ենք ականատես լինում՝ սկսած մարդկանց առողջության պահպանման իրավունքի վերաբերելի տարբեր խնդիրներից, երբ բարդություններ են առաջանում, մարդու առողջության պահպանման իրավունքի երաշխավորման, բժշկական օգնություն և պատշաճ սպասարկում ապահովելու առումով, սա իրականում կենսական խնդիր է: Այս խնդիրների լուծումը շատ կարևոր է, որպեսզի նաև մենք զերծ մնանք արցախահայերի էթնիկ զտման վտանգից:
Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են Ադրբեջանում ապօրինի պահվող, գերեվարված 33 անձանց հետ կապված հարցերը: Տեղ գյուղի էսկալացիայից երեք օր անց Մանասյանն այցելել է Սյունիքի մարզ, հավաքել մարդկանց իրավունքների խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ, լսել բնակիչներին մտահոգող խնդիրները: Սահմանային բնակավայրեր Պաշտպանի այցերը կշարունակվեն, հաջորդը Գեղարքունիքն է: