Լաչինի միջանցքում սահմանակետեր տեղադրելու վերաբերյալ ադրբեջանական կողմից հրապարակային պահանջներ կամ առաջարկներ հնչել են, մենք չենք պատրաստվում ներգրավվել այդ առաջարկների քննարկման մեջ: Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ Լաչինի ճանապարհին վերահսկողության հաստատման վերաբերյալ առաջարկներին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Լաչինի վերաբերյալ բանակցություն տեղի է ունեցել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, և այդ պայմանավորվածությունը և կարգավորումը հանրահայտ են: Այդ պայմանավորվածությունն արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Լաչինի միջանցքի ռեժիմի վերաբերյալ նոր կարգավորման շուրջ բանակցություններում Հայաստանը երբեք չի պատրաստվել և չի պատրաստվում ներգրավվել: Ավելին՝ մենք կարծում ենք, որ բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները, և դա վերաբերում է ոչ միայն Լաչինի միջանցքի պայմանավորվածություններին, պետք է անխափան կերպով և հետևողականորեն կարգավորվեն, որպեսզի հնարավոր լինի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համընդհանուր կարգավորման գործընթացում ավելի լուրջ ձեռքբերումներ ունենալ:
Այն, ինչ Ադրբեջանն արել և շարունակում է անել Լաչինում, բացարձակապես ապօրինի է, և սա հավաստվում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված միջանկյալ վճռով և պետք է շուտափույթ կերպով վերացվի: Մնացած ամեն ինչ, որը վերաբերում է և կարող է վերաբերել ԼՂ ժողովրդի իրավունքներին և անվտանգությանը, կարող է քննարկվել, վերաքննարկվել, կարգավորվել Ստեփանակերտ-Բաքու միջազգայնորեն տեսանելի, թափանցիկ մեխանիզմում, ֆորմատում»,- ասաց Արարատ Միրզոյանը: