Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով դատարանում ցուցմունք տվեց ներքին գործերի նախարարի խորհրդական և համատեղությամբ Բելգիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Գրիգոր Բադիրյանը։ Նա դատարանին հայտնեց, որ կողմերից ճանաչում է միայն Արշակ Հակոբյանին, որի հետ աշխատանքային հարաբերություններ է ունեցել: 2011-ից ոստիկանապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Բադիրյանը դատարանում էր՝ պատասխանելու, թե նախկին ոստիկանապետի կինը հաճախե՞լ է աշխատանքի, թե՞ ոչ:
Արշակ Հակոբյանին վերագրվող փողերի լվացման դրվագաներից մեկով Սուսաննա Գասպարյանը, գրանցված լինելով ոստիկանությունում որպես ռեֆերենտ, չի եկել աշխատանքի, բայց աշխատավարձ է ստացել: Ըստ մեղադրանքի՝ Գասպարյանի հանձնարարությամբ ապօրինի վարձատրության գումարով Հակոբյանը ձեռք է բերել 2 մեքենա՝ օժանդակելով փողերի լվացմանը: Վկա Բադիրյանը տարակուսած էր, թե ինչու են իրեն այս գործով հարցաքննության հրավիրել:
Գրիգոր Բադիրյան (վկա) - Իմ նախաքննական ցուցմունքում գրել եմ՝ ո՛չ կարող եմ հաստատել, ոչ էլ հերքել, որովհետև իմ ծառայողական պարտականություններից ելնելով՝ չէի կարող դա իմանալ։ Ասացի, որ տեսել եմ նրան, բայց չգիտեմ՝ դա ծառայողական պարտականությո՞ւն էր իր կողմից, թե՞ ոչ:
Ասաց՝ երբ ոստիկանապետին հրամաններ է տարել ստորագրելու, հաճախ է Վլադիմիր Գասպարյանի կնոջը տեսել՝ ձեռքում թղթեր, բայց պատկերացում չի ունեցել, թե ինչ թղթեր են: Հավելեց՝ Սուսաննա Գասպարյանը կոորդինացնում էր մշակութային միջոցառումները ռուսական կողմի այցի ժամանակ:
Գրիգոր Բադիրյան - Տարին մեկ լինում էր այդ միջոցառումը՝ երգ, պար, համազգեստներ։
Մյուս վկան ոստիկանության մշակույթի կենտրոնի աշխատակից Վահան Նաջարյանն էր: Զբաղվել է միջոցառումների կազմակերպմամբ: Ասաց՝ դրանց հետ կապված ցուցումներ ստացել է Սուսաննա Գասպարյանից: Հանրային մեղադրողի հարցին՝ Վլադիմիր Գասպարյանի դուստրը հաճախե՞լ է ոստիկանություն, վկան պատասխանեց.
Գրիգոր Բադիրյան - Անգելինան գալիս էր, պարասրահ ունեինք, պար շատ էր սիրում, մայրն էլ էր շահագրգռված, որ երեխային բերում էր, ամեն շաբաթ 2 անգամ գալիս էր փորձի:
Դատավորի հարցին՝ տեղյա՞կ էիք, Սուսաննա Գասպարյանն աշխատո՞ւմ էր ոստիկանության համակարգում, Նաջարյանը նշեց՝ չի հետաքրքրվել: Վկայի ցուցմունքից հետո հանրային մեղադրողն արձանագրեց՝ նախաքննական ու դատաքննական ցուցմունքնեի միջև հակասություններ կան: Վահան Նաջարյանը նախաքննության ժամանակ նշել է, որ Սուսաննա Գասպարյանը չի աշխատել, միջոցառումներին որպես հանդիսատես է մասնակցել: Դատախազը հրապարակեց նախաքննական ցուցմունքից հատված:
Արսեն Գևորգյան (հանրային մեղադրող) - Վլադիմիր Գասպարյանի կինը Մշակույթի կենտրոն այցելել է ժամանակ առ ժամանակ աղջկա հետ, նրան բերել է երգի դասերի, նրան կենտրոնում աշխատելիս չեմ տեսել, երբևէ չի եղել, որ իմ աշխատանքի հետ կապված նա ինձ հանձնարարություններ տա, միայն աղջկա մենահամերգի հետ կապված է նա խնդրանքով դիմել ինձ՝ բեմի կահավորման տեխնիկական հարցերով:
Ի վերջո, որ ցուցմունք էր ճիշտ՝ փորձեցին պարզել մեղադրողները: Վկան վրդովվեց, ասաց՝ նախաքննական ցուցմունքի որոշ հատվածներ քննիչն է հորինել: Մեղադրողը հետաքրքրվեց՝ եթե տեղյակ չի եղել՝ Սուսաննա Գասպարյանն աշխատում է թե ոչ, ապա ինչու է կատարել նրա հանձնարարությունները:
Արսեն Գևորգյան - Ես հո չե՞մ կարա ասեմ՝ գիտեք ինչ, ըտեղ արտադրություն չի, բան չի, արվեստ ա դա:
Արշակ Հակոբյանն ու պաշտպանները պարբերաբար առարկում էին մեղադրողների հարցերին՝ նշում՝ դրանք մեղադրանքի հետ որևէ առնչություն չունեն:
Արշակ Հակոբյան - Մշակույթի պարի խումբ, երգ, պար, տիկնիկային... Ես մեղադրվում եմ փողերի լվացման մեջ:
Մյուս վկան՝ Համլետ Մանասարյանն էլ այն անձն է, որը գնել էր մեղադրանքում նշվող 2 մեքենաներից մեկը: Ասաց՝ կողմերից որևէ մեկին չի ճանաչում, մեքենան գնել է 2019-ին՝ 60 հազար դոլարով: Մեղադրողների հարցին ի պատասխան ասաց՝ առուվաճառքի պայմանագիրը կինն է ստորագրել, բայց չի իմացել՝ ումից է գնում: Վկան չհիշեց անգամ՝ կարդացել է պայմանագիրը թե ոչ:
Համլետ Մանասարյան - Չէ, չեմ հիշում՝ կարդացել եմ, չեմ կարդացել։ Ի՞նչ կա դրա մեջ։
Նախորդ նիստին հարցաքննվել էր գործով առանցքային վկա նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նշել, որ Ռուսաստանում սովորելու տարիներին խավիարի բիզնեսով է զբաղվել ու այդպես հարստացել:
Մյուս նիստին վկաների հարցաքննությունը կշարունակվի: Դատարանը որոշեց բերման ենթարկել վկաներից 2-ին, որոնք ծանուցվել, բայց չէին ներկայացել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան