Վարչական դատավարությունը կթվայնացվի: Արդարադատության նախարարությունն արդեն մրցույթ է հայտարարել, որում հաղթող ընկերությունը կմշակի դատավարական այս ճյուղի էլեկտրոնային մոդուլը: Նախարարի խորհրդականն ընդգծում է՝ սա դատաիրավական բարեփոխումների 2022-26 թվականների ռազմավարության միջոցառումներից է, որը թույլ կտա ևս մեկ կարևոր գործիքով բեռանաթափել համակարգի ծանրաբեռնվածությունը:
Լիանա Թովմասյան (ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական) - Մենք բոլոր փուլերում, ցանկացած դատավարական փաստաթղթի հետ գործ ունենալիս՝ միջնորդություններ, հայացադիմում, հայցադիմումի պատասխան, ծանուցագրեր, դատական ակտեր, էս ամեն ինչի առաքումն ու փաստաթղթաշրջանառությունը հեշտացվելու է, խնայվելու են ռեսուրսներ, արագանալու է ամբողջ դատական պրոցեսը, հեշտանալու և թեթևանալու է և դատավորի, և ամենաառաջինը` քաղաքացու գործը, որին միտված ենք ծառայելու և մենք, և դատական համակարգը:
Թվայանացումը կբերի գործընթացի արագացման: Հայց ներկայացնել ցանկացող քաղաքացին, բացատրում է Թովմասյանը, էլ ստիպված չի լինի դիմումը լրացնել, տպել, գնալ բանկ, վճարել պետտուրք, հավաքել նյութերն ու ամբողջը միասին փոստի միջոցով ուղարկել դատարան: Դա կարվի արագ, առցանց, հետևաբար` դատարանը գործի քննությունն արագ կսկսի:
Լիանա Թովմասյան - Փոստային առաքումը, կախված կոնկրետ դեպքից, առանձին դեպքերում կարող է տևել մինչև 10 օր, և տեսեք` դեռևս հայցը վարույթ չընդունված` մենք կորցնում ենք 10 օր, էս ամբողջ պրոցեսով քաղաքացին ստիպված է անցել դատավարական ցանկացած փաստաթղթի դեպքում:
Նոր համակարգը, ըստ պաշտոնյայի, կկրճատի ոչ միայն վարչական գործերի քննության ժամկետները, այլև ավելորդ փաստաթղթաշրջանառությունը: Պետական մարմինները, օրինակ, գործին առնչվող 100-ավոր էջերով նյութերն այլևս տպած չեն ներկայացնի դատարան՝ խնայելով թուղթ, թանաք ու, իհարկե, ժամանակ:
Լիանա Թովմասյան - Օրինակ, 2022 թվականին ավելի քան 9300 վարչական գործ է ստացվել վարչական դատարանի բոլոր նստավայրերում միասին, սա, իրականում, ահռելի թիվ է, և, իհարկե, ծանրաբեռնվում է վարչական դատարանը, դատավորների աշխատակազմը , գրասենյակը, բոլոր օղակներում ծանրաբեռնվածություն կա:
Միջին վիճակագրական վարչական գործը, առանց երրորդ ատյանի, քննվում է 2-3 տարի, նկատում է Թովմասյանը: Ասում է՝ ժամկետն ավելի է երկարում, երբ Վճռաբեկն է այն վարույթ ընդունում: Էլեկտրոնային հարթակն այնպես է ծրագրավորվելու, որ դրան հասանելիություն ունենան դատավարության բոլոր մասնակիցները՝ դատավորները, պետական մարմինները, փաստաբանները, նաև քաղաքացիները: Դատավորներն էլ նիստերը պլանավորելիս կտեսնեն կողմերի ծանրաբեռնվածությունն, ու անհարկի հետաձգումներ չեն լինի:
Լիանա Թովմասյան - Սա, իհարկե, կօգնի համապարփակ վիճակագրության մշակմանը, կօգնի մոնիթորինգի իրականացմանը, թե ինչ դատավարական ժամկետներ են խախտվում, օրինակ` կոնկրետ որ գործերով է առավել երկար քննություն տեղի ունենում, թույլ կտա առավել ճիշտ վերլուծություններ անել պատճառների մասին և այլն:
Մրցույթի համար հայտերի վերջնաժամկետը մայիսի 22-ն է, մեկ ամիս հետո՝ հունիսից կսկսվեն հարթակի մշակման աշխատանքներն, ու գրեթե մեկ տարի հետո համակարգը կգործարկվի: Թվայնացումը, պատասխանատուի խոսքով, անում են հերթով, ըստ ծանրաբեռնվածության. 2022-ին սկսեցին քաղաքացիական ու սնանկության դատավարությունից, հիմա վարչականն է, ապա կգա քրեականի, հետո էլ հակակոռուպցիոնի հերթը: