2023-ի աշնանը ավարտվում է ամբողջ հանրապետության տարածքում Պարեկային ծառայության ներդրման գործընթացը: Հընթացս պետք է լուծվի նաև Սևանա լճի հարցը, քան որ Սևանա լիճը ՀՀ-ի միակ տարածքն է, որտեղ Պարեկային ոստիկանությունը ծառայություն չի իրականացնում: Այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ որոշվել է նաև ջրային պարեկային ոստիկանություն ստեղծել:
«Սևանի հետ կապված ավանդական պրոբլեմները մենք գիտենք, և կապված են ապօրինի ձկնորսության հետ, բայց մենք էստեղ էլ քայլ-քայլ գնում ենք ինստիտուցիոնալ լուծումների: Տեղյակ եք, որ 3 տարի արդեն Սևանա լճում գործում է սիգի որսի համակարգ, որտեղ մենք փորձում ենք պրոցեսն ամբողջությամբ բերել օրինական դաշտ: Պետք չէ խուսափել խոստովանելուց, որ դա մեզ 100 տոկոսով չի հաջողվել, բայց նաև մեր կանխավարկածն այն չէր, որ հիմա էս դահլիճում որոշում կընդունենք, և դրանից մեր ամբողջ կյանքը կփոխվի»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ բոլորը պետք է պարտրաստվեն այս կետին, որ ջրային պարեկային ոստիկանության ներդրման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին:
«Ուզում եմ, որ մենք էսօրվանից դա արձանագրենք, և նաև մեր սիրելի հայրենակիցները դա արձանագրեն»,- ասաց վարչապետը:
Թեմային առնչվող հաջորդ խնդիրը տեխնիկան է, որով պիտի իրականացվի առափնյա ծառայությունը: Իսկ մինչև մոտորանավակների ձեռքբերումը կօգտագործվեն սկուտերներ:
Հեղինակ՝ Լուսինե Մուրադյան