ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները Ուկրաինային են տրամադրել խոստացված գրեթե բոլոր մարտական մեքենաները՝ գրում է РИА Новости-ն:
«Ուկրաինային խոստացված մարտական մեքենաների ավելի քան 98 տոկոսը մատակարարվել է. ընդհանուր առմամբ 1550 զրահամեքենա և 230 տանկ: Այդպիսով պատրաստել և վերազինել ենք 9 նոր զրահատանկային բրիգադ՝ ուկրաինացի զինվորականներով»,- ասել է նա Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ստոլտենբերգը համոզված է, որ դա կամրապնդի Ուկրաինայի դիրքերը՝ կորցրած տարածքները հետ գրավելու համար:
Գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում խաղաղության հաստատման լավագույն միջոց է համարում շարունակել սպառազինությունների առավելագույն ծավալների մատակարարումները Կիևին՝ նախագահ Զելենսկուն «ուժեղ բանակցային դիրք» ապահովելու համար։
Ստոլտենբերգը միաժամանակ կոչ է արել «չթերագնահատել Ռուսաստանին և նրա բանակը», որը, նրա կարծիքով, «որակի պակասը փոխհատուցում է քանակով»։