Պարեկային ծառայությունում ընդունելություն է հայտարարվել: Մայիսին քննություններ են լինելու: Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, հայտարարեց, որ նպատակ կա համակարգը լրացնել կանանցով:
«Հայտարարել ենք, որ այս փուլում՝ մինչև տարեվերջ, մենք Պարեկային ոստիկանության թափուր տեղերը կլրացնենք միայն կանանցով: Այսինքն՝ միայն կանայք կընդունվեն Պարեկային ոստիկանություն աշխատանքի՝ բացի, իհարկե, այն մարզերից, որոնք հիմա դասընթացների մեջ են: Եվ մենք հիմա ընդունելություն ենք հայտարարել:
Եվ ես տեղյակ եմ, որ, հուրախություն ինձ և բոլորիս, բավականին մեծ ակտիվություն կա, դիմորդներ կան»,- ասաց նա:
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մանրամասնեց՝ այս պահին 406 դիմորդ կա: 18 տարեկանից մինչև 33 տարեկան 303 հայտատու կա, որից Երևանում՝ 79, Արագածոտնում՝ 14, Արարատում՝ 33, Արմավիրում՝ 25, Գեղարքունիքում՝ 24, Կոտայքում՝ 40, Լոռիում՝ 60, Շիրակում՝ 73, Սյունիքում՝ 10, Տավուշում՝ 21, Վայոց ձորում՝ 6:
Վահե Ղազարյանը նաև ընդգծեց, որ թեև Պարեկային ծառայության համար անցողիկ շեմը 160 սանտիմետրն է, բայց որոշվել է ուսումնասիրել և հասակի հետ կապված փոփոխություններ անել: Քանի որ 160 սանտիմետրից բարձր 180 դիմորդ կա, իսկ 160-155 սմ հասակով՝ 108 դիմորդ:
Վարչապետն արձագանքեց՝ կարևորը հմտություններն են, ապա հույս հայտնեց, որ 1000 դիմորդ կլինի, որից մի քանի հարյուր լավագույնները կընդունվեն աշխատանքի:
Հեղինակ՝ Լուսինե Մուրադյան