Կառավարությունն ընդունել է որոշում՝ Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շարունակականությունն ապահովելու և 2023 թ. ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի պայմանները հստակեցնելու նպատակով: Ըստ այդմ՝ տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում, սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը):
Սահմանվել է նաև սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսվարողների համար՝ 12 տոկոսային կետին համարժեք մասը։ Արդյունքում կապահովվի ծրագրի շարունակականությունը, և դրա շահառուներին հնարավորություն կտրվի շարունակել օգտվել ծրագրից՝ ապահովելով 2023 թ. արտադրված գյուղատնտեսական հումքի մթերումների և դրանց դիմաց կատարվող վճարումների գործընթացները։