ՄՈՏ 1 ՏՐԼՆ 926 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ 2022-ԻՆ
2022-ին հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսական շոկերին արդյունավետ արձագանքմամբ մակրոտնտեսական և հարկաբյուջետային կայնության ապահովմանը: Հայաստանն ունեցել է 12.6 տոկոս տնտեսական աճ՝ նախորդ տարվա բյուջեի կատարողականը ներկայացրեց ֆինանսների նախարարը:
Վահե Հովհաննիսյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Եկամուտներն աճել են 22.5 տոկոսով կամ 379.3 մլրդ դրամով՝ պայմանավորված եկամտի ավելացված արժեքի, շահութահարկի և եկամտահարկի գծով և պետական տուրքերի աճով: Ծախսերը՝ 11.9 տոկոս կամ 238. 3 մլրդ դրամով՝ պայմանավորված կապիտալ ծախսերի աճով:
2022-ին մուտքագրվել են մոտ 1 տրիլիոն 926 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետտուրքեր՝ 104.4 տոկոսով ապահովելով հաստատված ցուցանիշը: Նախարարի խոսքով՝ նպատակն է առաջիկա տարիներին կապիտալ ծախսերի մասնաբաժինը հասցնել 6.6 տոկոսի: ՀՆԱ-ի նկատմամբ պակասուրդը եղել է 2.1 տոկոս: Պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և դրամի արժևորման պայմաններում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել 46.7 տոկոս՝ կանխատեսված 60.2-ի փոխարեն:
Վահե Հովհաննիսյան - Կառավարության պարտքը 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 969 մլրդ դրամ կամ 10 մլրդ 86 մլն դոլար, ընդ որում՝ Կառավարության արտաքին պարտքը նվազել է և՛ դրամային, և՛ դոլարային արտահայտությամբ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կարևոր է արձանագրել, որ պետական պարտքի կառուցվածքում դրամով պարտքի չափաբաժինը էականորեն ավելացել է, և արտարժույթով պարտքի չափաբաժինը էականորեն նվազել է: Սա ինչ է նշանակում. սա նշանակում է, որ մեր պետական պարտքը փոխարժեքային ռիսկերի նկատմամբ ավելի դիմակայուն է դարձել այս գործընթացի շրջանակում:
Գլխավոր ֆինանսիստի խոսքով՝ մշակվում է պարտքի միջնաժամկետ ռազմավարություն, որը կներկայացնի, թե առաջիկայում ինչպես են պլանավորում կառավարել պարտքը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց՝ մինչև բյուջեի կատարման հաշվետվության խորհրդարանական քննարկումները, թեմային հաճախ անդրադառնալ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Հանրության համար զգայուն և հետաքրքիր թեմա է, մարդիկ ասում են՝ վայ, 10 մլրդ դոլար պարտք ունենք: Պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պարտք ունենք: ՀՀ-ն իր տնտեսական աճի շնորհիվ վերստին համարվում է թեթև պարտք ունեցող: Քովիդի շրջանում էս կատեգորիայում մենք որոշակի փոփոխություն էինք արել, մյուս կողմից՝ կարևոր ցուցանիշով, որ մեր ՀՆԱ-ի նկատմամբ մեր պարտքերի կշիռը էականորեն նվազեցրել ենք, դիմակայունության մեծ պաշար ենք կուտակել: Անհրաժեշտության դեպքում ոչ միայն ճգնաժամային իրավիճակում, պետական կարևոր ծրագրերի համար կարող ենք նոր գումար ներգրավել: Խնդիրը պարտքը չէ, այլ թե ինչպես ենք օգտագործում տնտեսական աճի պոտենցիալը մեծացնելու հնարավորությունը:
Ըստ վարչապետի՝ 2023-ի ապրիլին գրանցվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքման բացառիկ ցուցանիշ:
Նիկոլ Փաշինյան - ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ ՀՀ բյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ: 22 թվականի բյուջեով ինչ պլանավորել ենք, հավաքագրել ենք մոտ 80 մլրդով ավելի: 2022-ի ապրիլին հավաքագրել ենք 231 մլրդ դրամ, իսկ 2023-ի ապրիլին՝ երեկվա դրությամբ, 295 միլիարդ դրամ, որը բացարձակ ռեկորդ է բոլոր տարիների բոլոր ամիսների նկատմամբ:
2022-ի 98 մլրդ դրամի փոխարեն այս ապրիլին վճարվել է 158.1 մլրդ դրամ շահութահարկ, որը ևս վարչապետը պատմական ռեկորդ է համարում:
Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ կրկին հայտնել տնտեսվարողներին, գործարարներին, ովքեր արձագանքում են մեր պատկերացումների շրջանակում. սա է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա, տեսնում ենք կոնկրետ արդյունք: 2023-ի մարտին ունենք գրանցված աշխատատեղերի ռեկորդ 3-րդ հանրապետության պատմության մեջ: Նախորդ նման ռեկորդը արձանագրվել էր 2022-ին, երբ գրանցվել էր 704 420 աշխատատեղ, 2023-ի մարտին՝ 706 294 աշխատատեղ:
2023-ի մարտին նախորդ մարտի համեմատ աշխատավարձային ֆոնդն ավելացել է 53 մլրդ 616 մլն-ով՝ 33 տոկոսով: 2018-ի մայիսի նկատմամբ մոտ 116 մլրդ դրամով՝ 120 տոկոսով:
Նիկոլ Փաշինյան - Կարևոր է մեկ մարդու կողմից ստացվող միջին աշխատավարձը: 2023-ի մարտը 2018-ի նկատմամբ ավելի է 125 հազար 313 դրամով՝ 71 տոկոս, 2023-ի մարտը փետրվարի նկատմամբ 35 հազարով, իսկ 2023 մարտը 2022 մարտի նկատմամբ ավելի է 58 հազար դրամով:
Այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12.2 տոկոսով: Երկնիշ ցուցանիշում 20 տոկոսը բաժին է հասնում առևտրին ու ծառայություններին:
Նիկոլ Փաշինյան - Շատ ուրախացնող է, որ արդյունաբերության աճի որոշակի արագացում ունենք, նախորդ ամիս 1 տոկոս էր, մարտին 8,6, հունվար-մարտ՝ 3.6 և շատ ուրախ լուր, որ գյուղատնտեսությունում մարտին 1.4 տոկոս աճ ենք ունեցել, որը կարևոր է: Պետք է աշխատանքի որակի բարձրացնենք մեր դրած խնդիրը լուծել՝ ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ:
Հարցի քննարկման ավարտին՝ վարչապետը կարևոր համարեց կապիտալ ծախսերի ժամանակին, արդյունավետ կատարումը, որով պայմանավորված է տնտեսական աճը: Վարչապետը բյուջեի կատարողականի շուրջ ակտիվ քննարկում է ակնկալում խորհրդարանականների հետ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը աննախադեպ 1.2 մլրդ դոլարի ներդրում է արել մարզերում: Մարզպետներին հորդորեց՝ առաջիկայում ներկայացնել բոլոր, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ մանրամասներ:
ՋՐԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՕՐԻՆԱԳԻԾ
Հավանություն տրվեց պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ստեղծմանն առնչվող օրինագծերին: Մասնագիտացված թիմում ընդգրկված պարեկները ըստ անհրաժեշտության կիրականացնեն նաև Գեղարքունիքի պարեկային ծառայության գործառույթներ։ Ջրային ստորաբաժանումը կգործի վաշտի կարգավիճակով, նախնական 95 հաստիքով։ Ջրային պարեկները կվերահսկեն ջրային փոխադրամիջոցների շահագործումը, նավարարների սթափությունը, հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը:
Վարչապետի խոսքով՝ ջրային պարեկների և փրկարար ծառայության համատեղ աշխատանքը առավել արդյունավետ կդարձնի փրկարար ծառայությունը: Ջրային պարեկներն արձագանքելու են նաև Սևանա լճում ձկնագողության դեպքերին:
Նիկոլ Փաշինյան - Քայլ քայլ գնում ենք ինստիտուցիոնալ լուծումների: 3 տարի գործում է Սևանում սիգի որսի համակարգ, որտեղ փորձում ենք պրոցեսը բերել օրինական դաշտ: Բոլորով պատրաստվենք այս կետին, որ պարեկային ջրային ոստիկանության ներդրման պահից ապօրինի որսը դառնալու է անհնար:
Վահե Ղազարյան (ՀՀ ներքին գործերի նախարար) - Մրցույթ հայտարարվել է, կունենանք 12 սկուտերներ, որից 8-ը՝ երկտեղակոնց, 4-ը՝ երեքտեղանոց, իսկ մոտոնավակների համար մրցույթ հայտարարվեց, լրացուցիչ կզեկուցեմ:
Պարեկային ոստիկանության համար էլ ձեռք է բերել 6 էլեկտրամոբիլ, 6 մոտոսկուտեր և 6 ինքնագլոր:
Վահե Ղազարյան - Մոտոսկուտերների խնդիր է դրված, որ ծանրաբեռնված փողոցներում ծառայություն իրականացնեն: Գիտեք՝ հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում խցանումներ են առաջանում, իրենք արագ մեկնեն դեպքի վայր, զննություն անեն և տրանսպորտային միջոցները շուտ դեպքի վայրից հանեն, որը կնպաստի խցանումները թեթևացնելուն:
Նիկոլ Փաշինյան - Հիմա ձեռք են բերել այս տեխնիկան՝ նպատակ ունենալով պրակտիկայում փորձարկել և արդյունքներն ամփոփել, տեսնել, թե որքանով են Երևանում արդյունավետ էլեկտրամոբիլը, մոտոսկուտերը: Հետո արդեն ռազմավարական առումով կբաշխենք, թե Պարեկային ծառայությունը որ տեխնիկայից ու որքան պետք է ունենա Երևանում, մեծ քաղաքներում՝ ծառայությունն արդյունավետ կազմակերպելու համար:
Պարեկային ծառայությունում թափուր տեղերը լրացնելու համար բացառապես կանանց համար հայտարարված ընդունելության համար դիմել է 406 կին:
264 ՄԼՆ 361 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 128 ԴՊՐՈՑԻ
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Շիրակի մարզի 128 դպրոցի կհատկացվի 264 մլն 361 հազար դրամ դրամաշնորհ, որով դպրոցների ճաշարանների համար ձեռք կբերվեն գույք, սարքեր:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Մենք կստեղծենք հնարավորություն, որ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ բոլոր դպրոցները ապահովվեն ճաշարանների գործարկմանն անհրաժեշտ գույքով, սարքերով, որ դպրոցները արդյունավետ իրականացնեն երեխաներին սննդով ապահովելու ծրագրերը:
Ծրագրում ընդգրկված են 10 մարզի 1073 դպրոց: 1-4-րդ դասարանների ավելի քան 102 հազար երեխայի անվճար տրվում է մեկանգամյա առողջ սնունդ: Ավելի քան 50 դպրոցում հիմնվել են ջերմոցներ և ինտենսիվ այգիներ: Մյուս մարզերում ևս գնահատվում են կարիքները՝ ապահովելու ճաշարանների գործունեության պայմանները:
ԵՐԵՎԱՆ-ԿԱՊԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԹՌԻՉՔԸ
Իսկ ինչպես է գնահատվում Երևան-Կապան փորձնական թռիչքի արդյունքը: Նախարար Սանոսյանի խոսքով՝ 46 րոպե տևած թռիչքն ընթացել է բարեհաջող:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Մոտ երկու ժամ աշխատել են օդանավակայանի հարակից տարածքում, 13 նման մոտեցումներ են տեղի ունեցել, 6 անգամ վայրէջքներ և թռիչքներ, 2 անգամ երկրորդ մոտեցումներ թռիչքուղու ուղղությամբ: Եղել է, որ ինքնաթիռը երկու րոպե սարքավորումներով չի նկատվել, ինչը տեխնիկական հարց է: Մենք դա էլ էինք ուզում հասկանալ, պետք է շտկենք սարքավորումները։
Արդյունքները կվերլուծվեն 2-3 շաբաթվա ընթացքում: Նպատակն է ունենալ Երևան-Կապան կանոնավոր փոխադրումներ:
Կառավարության այլ որոշումներով այս տարվա բյուջեից 3.5 մլրդ դրամի միջպետական վարկ է տրամադրել Արցախին՝ ստեղծված սոցիալական լարվածության մեղմման համար: