Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ պարտքին՝ ընդգծելով, որ Հայաստանն իրականում թեթև պարտք ունեցող երկրների շարքին է դասվում:
«Հանրության համար հետաքրքիր և զգայուն թեմա է, մարդիկ ասում են՝ վա՛յ, 10 մլրդ դոլար պարտք ունենք, բայց մենք պետք է մեր քաղաքացիներին ի ցույց դնենք, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պարտք ունենք: Ըստ էության, 46 տոկոսով Հայաստանը համարվում է վերստին թեթև պարտքի բեռ ունեցող երկիր, այսինքն՝ էս տրամաբանությամբ մենք պետք է նայենք, որովհետև երկրները դասակարգվում են որպես թեթև, միջին և մեծ պարտք ունեցող: Հայաստանն իր տնտեսական աճի շնորհիվ թեթև պարտք ունեցող է»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց, որ խնդիրն իրականում պարտք ունենալը չէ, այլ այն, թե պարտքը ինչպես է օգտագործվում տնտեսական աճի պոտենցիալը մեծացնելու համար: Իսկ հայկական կողմը պարտքն օգտագործում է կապիտալ ներդրումներ իրագործելու համար, նոր միջոցներ գեներացնելու նպատակով:
Թեմայի շրջանակում վարչապետն անդրադարձավ 2023-ի բուջեին՝ տեղեկացնելով, որ 2023-ի ապրիլին գրանցվել է շահութահարկի պատմական բացարձակ ցուցանիշ:
«Ապրիլին մենք ունենք պետական բյուջեի հավաքագրումների, հարկային եկամուտների բացառիկ ցուցանիշ: Այսօր ապրիլի 27-ն է, և դեռ մի քանի օր էլ այս ցուցանիշը կբարելավվի: Երեկվա դրությամբ արդեն հավաքագրվել է 295 միլիարդ դրամ հարկային եկամուտ: ՀՀ-ի պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ ՀՀ պետական բյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ: Ասենք, օրինակ, 2022-ին, որը նույնպես բավականին հաջող տարի էր, հավաքագրել էինք 231 միլիարդ դրամ, իսկ 2023-ի ապրիլին արդեն իսկ երեկվա դրությամբ հավաքագրել ենք 295 մլրդ դրամ, որը բացարձակապես ռեկորդ է բոլոր տարիների բոլոր ամիսների նկատմամբ:
Ապրիլի 1-26-ը հարկ վճարողները վճարել են 158.1 մլրդ դրամ շահութահարկ, որը նույնպես պատմական ռեկորդ է; Համեմատության համար ասեմ, որ 2020-ի ապրիլին վճարվել է 98 մլրդ դրամ շահութահարկ: Այսինքն՝ այս տարվա ցուցանիշը՝ դեռ չավարտված ամսով, նախորդ տարվա համեմատ ավելի է 59,7 մլրդ դրամով»,- ասաց վարչապետը: