ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ապրիլի 27-ի նիստի մեկնարկին անդրադարձավ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետին:
«Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ տեղադրելով ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքում: Ու եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից:
Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է: Միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև կարևոր համարեց արձանագրել Ադրբեջանի գործողությունների խորքային նպատակը, այն է՝ ԼՂ հայության էթնիկ զտումը և ցեղասպանություն իրականացնելը: Ըստ վարչապետի՝ սա պետք է լինի միջազգային հանրության ուշադրության առարկան:
Խնդիր է նաև այն, թե Ադրբեջանը ինչքանով է իրեն պարտավորված զգում՝ կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները:
«Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետի տեղադրումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Առիթ ունեցել եմ ասելու, որ 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության բոլոր կետերը»,- ընդգծեց վարչապետը: