Կառավարության նիստի ավարտին անդրադարձ եղավ ապրիլի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանից Կապանի «Սյունիք» օդանավակայան մարդատար ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հետաքրքրվեց՝ ինչպես է ՏԿԵ նախարարը գնահատում փորձնական թռիչքի արդյունքները:
Գնել Սանոսյանը նկատեց, որ ընդհանուր առմամբ, բավականին դրական է գնահատում թռիչքները:
«Երկու հիմնական նպատակ կար. նախ՝ Երևանից Կապան թռիչքուղու ուսումնասիրությունն է, երկրորդը՝ հենց բուն օդանավակայանին մոտեցող վայրէջքների և թռիչքների սխեմաների փորձարկումները: Որոշ դեպքերում երկրորդ պտույտից հետո փորձ է արվել իջնել: Կարծում եմ՝ բարեհաջող է ընթացել, առաջին գնահատականը այդպես է:
Մոտ 2 ժամ աշխատել են օդանավակայանի հարակից տարածքում, 13 նման մոտեցումներ են տեղի ունեցել, 6 անգամ նաև՝ վայրէջքներ և թռիչքներ, 2-րդ մոտեցումներ թռիչքուղու ուղղությամբ»,- ասաց Գնել Սանոսյանը, ապա տեղեկացրեց, որ հիմնականում այն, ինչ գրասենյակային առումով իրականացվել է, համընկել է:
«Մի հատված ենք ունեցել, որտեղ մոտ 2 րոպե ինքնաթիռը որոշ սարքավորումներով չի նկատվել, որը տեխնիկական է, և հենց դա էլ ուզում էինք հասկանալ, որպեսզի հետագայում այդ ուղղությամբ մեր ալեհավաքը և այլ սարքավորումները շտկենք»,- ասաց նա և հիշեցրեց, որ թռիչքը տևել է 46 րոպե, սակայն եթե կանոնավոր թռիչքներ սահմանվեն, թռիչքի տևողությունը 4-5 րոպեով կկրճատվի, քանի որ փորձնական թռիչքի ընթացքը սովորականից դանդաղ է եղել:
Վարչապետը ճշտեց՝ մեր նպատակն է Երևանից Կապան կանոնավոր չվերթ ապահովե՞լը, նախարարը մանրամասնեց, որ չի բացառում՝ վերլուծությունների արդյունքում նորից տեխնիկական փորձնական թռիչք իրականացնելու կարիք լինի, և թռիչքուղու ուղղությամբ նավիգացիոն սարքավորումներ փոխվեն, որպեսզի ամբողջ ընթացքում ինքնաթիռը ռադարներից տեսանելի լինի:
«Խնդիր կա նաև փորձել, հասկանալ՝ տեխնիկապես ինչպես կազակերպել (թռիչքները - խմբ.), քանի որ սա ներքին թռիչք է, և՛ «Զվարթնոց»-ում, և՛ տեղում ինչպես կազմակերպել, որովհետև անձնագրային որոշակի գործառույթները պետք է հասկանալ: Օդանավակայանը, մեծ հաշվով, պատրաստ է Կապանից թռիչքները ընդունելու: Մեր նպատակն է, այո՛, այս ամենն ավարտելուց հետո ունենալ կանոնավոր թռիչքներ»,- ասաց նախարարը:
Հեղինակ՝ Լուսինե Մուրադյան