Երևան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում նախաձեռնված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ. 2 հասցեի կամ հասցեի հարևանությամբ գտնվող հողամասերը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, որոնք զավթվել են դեռևս չպարզված անձանց կողմից, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունը ինքնակամ կառույց է:
Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել 2022 թվականի մայիսի 24-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից գրությամբ ստացված «Հարավկովկասյան երկաթուղու» օտարման շերտի տեղամասերում ինքնակամ զբաղեցված հողամասերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Վերոնշյալ տեղեկության հիման վրա՝ դատախազությունը 2022 թվականի հուլիսի 12-ին ներկայացված հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել նշված հասցեներում առերևույթ հողազավթումների վերաբերյալ քաղաքապետարանում առկա տեղեկատվությունը: Քաղաքապետարանից ստացված գրության համաձայն՝ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության, ինչպես նաև «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ. 2 հասցեի կամ հասցեի հարևանությամբ գտնվող շինության տարածք՝ նշված տարածքը փաստացի օգտագործող «Երևանի Ալրաղաց» ԲԲ ընկերության ներկայացուցիչների կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով: Մուտքը խոչընդոտելու պատճառով վերոնշյալ աշխատակիցների կողմից հնարավոր չի եղել իրականացնել գեոդեզիական չափագրումներ՝ շինություններով ծանրաբեռնված հողամասերի իրավական կարգավիճակը պարզելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցների ներգրավման արդյունքում ևս չի հաջողվել իրականացնել գեոդեզիական չափագրումներ՝ նույն պատճառով:
Դատախազությունը, ուսումնասիրելով Երևանի գլխավոր հատակագիծը, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանում առկա իրադրության հատակագիծը և Google Map-ում առկա տեղանքի պատկերը՝ 2023 թվականի փետրվարի 9-ին դիմել է Կադաստրի կոմիտե՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ վերոնշյալ տարածք(ներ)ի, ինչպես նաև երկաթգծի վրա կառուցված շինության իրավական կարգավիճակի վերաբերյալ։ Կադաստրի կոմիտեից ստացված գրության համաձայն՝ տարածք(ներ)ը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, որի վրա առկա է 2 շինություն՝ առանց իրավունքի պետական գրանցման, իսկ երկաթգծի վրա գտնվող շինության կարգավիճակի վերաբերյալ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվում և քարտեզում տեղեկություններ չեն հայտնաբերվել:
Հաշվի առնելով, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համատեքստում նախաձեռնված ուսումնասիրության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ. 2 հասցեում կամ հասցեի հարևանությամբ գտնվող հողամասերը հանդիսանում են պետական և համայնքային սեփականություն, զավթվել են դեռևս չպարզված անձանց կողմից, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց, միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան պաշտոնատար անձինք, որոնց վրա օրենսդրությամբ դրված է եղել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, միջոցներ չեն ձեռնարկել հողամասի ինքնակամ զավթումը կամ շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու համար, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառել հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառուցապատում իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ, 2023 թվականի մարտի 21-ին դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։
2023 թվականի մարտի 28-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: