Ստրասբուրգում շարունակվում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: Օրակարգում թեև Արցախին ու Հայաստանին վերաբերող առանձին հարց ընդգրկված չէ, սակայն հայկական պատվիրակության անդամները շարունակում են քննարկումների ու բանավեճերի ժամանակ բարձրաձայնել Լաչինի միջանցքի արգելափակման թեման ու ներկայացնել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակը: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման» վերաբերյալ բանավեճի ժամանակ հայ պատվիրակներն իրենց եվրոպացի գործընկերներին կոչ արեցին աչք չփակել Բաքվի կողմից միջազգային դատական մարմինների կայացրած որոշումներն անտեսելու քաղաքականության վրա:
Արուսյակ Ջուլհակյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Ինչ է անում Եվրախորհուրդը, երբ անդամ պետությունը ձեռնպահ է մնում ՄԻԵԴ-ի վճիռների կատարումից... Պարզապես ընդունում է այդ փաստը, սակայն չի ձեռնարկում որևէ քայլ: Վերջին տասը տարվա ընթացքում Եվրախորհրդի անդամ Ադրբեջանը չի կատարել դատարանի վճիռների մոտ 80 տոկոսը: Այս երկիրը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում ՄԻԵԴ-ի չկատարված վճիռների քանակով առաջատար է: Իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ թիվը տարեցտարի ավելանում է: Սա անհարգալից վերաբերմունք է մարդու իրավունքների նկատմամբ:
Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրեց, որ մինչև օրս Ադրբեջանն անտեսում է նաև ՄԻԵԴ-ի որոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ և շարունակում է այն արգելափակված պահել՝ մեծացնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի վտանգը:
Արուսյան Ջուլհակյան - Ադրբեջանն անտեսում է միջազգային դատարանների վճիռները: Օրինակ, ՄԻԵԴ-ի որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով: Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լեռնային Ղարաբաղում 120 000 մարդու «կյանքի ճանապարհը»:
Հայ պատվիրակը Եվրոպայի խորհրդի նախագահությանը կոչ արեց ձեռնարկել հստակ գործողություններ՝ ներդնելու նոր մեխանիզմներ, այդ թվում՝ պատժամիջոցների կամ կառույցին անդամակցությունից զրկելու տեսքով:
Թեմային անդրադարձավ նաև Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Նա հռետորական հարց ուղղեց ԵԽԽՎ նախագահությանը՝ «մինչև ե՞րբ եք հանդուրժելու ՄԻԵԴ-ի վճիռների անտեսման նման գործելաոճը»:
Վլադիմիր Վարդանյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Ընդամենը մի քանի օր առաջ Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոցներ են ընդունել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Մենք ունե՞նք որևէ արձագանք։ Քաղաքական գործիչների անգործությունը խաթարում է միջազգային դատական համակարգի գոյությունը։ Առանց միջազգային դատական համակարգի մենք չենք կարող առաջ գնալ։
Հայ պատվիրակների բարձրաձայնած մտահոգություններին միացավ Կանադայի խորհրդարանի ներկայացուցիչ Ստեֆան Բերգերոնը: Նա հիշեցրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և Արդարադատության միջազգային դատարանի 2023-ի փետրվարի 22-ի որոշումները:
Ստեֆան Բերգերոն (ԵԽԽՎ-ում Կանադայի խորհրդարանի պատվիրակության ներկայացուցիչ) - Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին ես բազմիցս խոսել եմ տարբեր հարթակներում: Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իմ առաջարկած միջնորդությունը վերջերս միաձայն ընդունվեց, որով Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արվում վերաբացել միջանցքը և երաշխավորել տեղաշարժի ազատությունը՝ հումանիտար իրավիճակի ցանկացած վատթարացումից խուսափելու համար:
Բերգերոնը վրդովմունք հայտնեց, որ աշխարհը մոռացել է Լաչինի միջանցքի արգելափակման մասին, իսկ Բաքուն դեռ շարունակում է անկատար թողնել դատական կառույցների որոշումները, ինչը, կանադացի պատվիրակի խոսքով, ապագայում ավելի մեծ խնդիրների պատճառ է դառնալ: