Գործադիրն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կապահովվի բնակելի տարածքների նվիրատվության գործընթացի շարունակականությունը, որի արդյունքում կլուծվեն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվեն բնակչության սոցիալական պայմանները: Դա նաև կնպաստի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերի լուծմանը: Որոշումը վերաբերում է քաղաք Երևան, Շիրակի 2/32, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1 և Բյուրեղավան քաղաքի, Օղակաձև փողոցի 51, Լոռու մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Լոռու մարզ, Ախթալա համայնք, գյուղ Ճոճկան, 6-րդ փողոց, 39 շենքի, ինչպես նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Արագածոտնի մարզ, Հակո գյուղ, 6-րդ փողոց, 38 հասցեների 8 բնակելի տարածքներին: Ըստ այդմ՝ առաջարկվում է 8 բնակելի տարածքները նվիրատվության ներկայացնել 7 ընտանիքի:
Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ընտանիքների՝ մարզերում ծրագրից արդյունավետ օգտվելու, մշտական օթևան ունենալու, բնակարանային հարցի լուծումն ապահովելու նպատակով: ՀՀ տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրով սահմանվել է բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման կարգը։ Հիմնավորման համաձայն՝ 2020-2022 թթ. ծրագիրն իրականացվել է Երևան քաղաքում և դրա շրջանակում բնակարանի գնման վկայագիր է ստացել 273 ընտանիք, որոնցից 221-ը 2023 թ. փետրվարի 1-ի դրությամբ արդեն իրացրել են վկայագրերը և գնել են բնակարաններ. փաստացի ծախսը կազմել է շուրջ 3.0 մլրդ դրամ։ 2023 թ. նախատեսվում է ծրագրի իրականացումը նաև ՀՀ մարզերում: 2022 թ. իրականացվել է մարզերում բնակվող հավակնորդ շահառու ընտանիքների վերահաշվառման գործընթացը, որի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 1-ին։ Ըստ վերահաշվառման արդյունքների՝ ՀՀ 10 մարզում ծրագրի հավակնորդ շահառուների թիվը 194 ընտանիք է։