Շուրջ 15 մլն դոլար այս օրերին ծախսվում է Հայաստանի ոռոգման մաշված համակարգի վերականգնման ուղղությամբ: Սրանք Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ 2016-ից մեկնարկած ոռոգման արդիականացման 50 մլն դոլար արժողությամբ ծրագրի խնայված միջոցներն են:
Արթուր Բաղդասարյան (ՀՏԶՀ ՋՏԾՄ Ոռոգման արդիականացման ծրագրի համակարգող) - Երբ մենք իրականացրինք աշխատանքները, մրցույթներն անցկացրինք, տնտեսումներ եղան, և Եվրասիական զարգացման բանկի հետ համաձայնեցմամբ ևս 30 կառույց որոշեցինք վերականգնել:
27-ը երկրորդ կարգի ջրանցք և 3 ներտնտեսային համակարգեր են: Առաջին փուլով միայն Արարատի մարզում վերականգնվել են Արտաշատի մայր ջրանցքի ավելի քան 2,4 կմ-ը և 49 բաժանարար: Նորոգման աշխատանքներ են իրականացվել Սայաթ-Նովայի և Արբաթի ջրանցքներում: Խնայված միջոցներով մարզում ևս 7 կառույց կվերականգնվի:
Արթուր Բաղդասարյան - 16 հազար 495 մ երկարությամբ՝ 16,5 կիլոմետր Դվինի ջրանցքն է դա, Մխչյանի պոմպակայանի հեռացնող ջրանցքն է, Նարեկի ներտնտեսային համակարգն է, Արազափի 1 և Սուրենավանի պոմպակայանի հեռացնող ջրանցքն ու վերին գոտու հեռացնող ջրանցքն է:
5,2 մլրդ դրամից 800 մլն-ը ներդրվում է Արարատի մարզում:
Արթուր Բաղդասարյան - Ունենք ակնկալիքներ, որ այս աշխատանքների արդյունքում կունենանք ջրային ռեսուրսների լուրջ խնայողություն, կունենանք ոռոգման հնարավորություն ունեցող հողատարածքների ավելացում:
Դվինի ջրանցքի վերականգնման աշխատանքները ավարտական փուլում են: Նախատեսել են մոտ 20 տոկոսով ավելացնել սեզոնին բույսերին այդքան անհրաժեշտ ոռոգման ջրի ծավալը:
Գևորգ Սարգսյան (աշխղեկ) - էն վախտ եղել է 1000 խորանարդ, հիմա դառնում է 1200:
Թունելի սալերն են վերականգնել, 40-50 տարի որևէ աշխատանք չէր արվել:
Գևորգ Սարգսյան - Թունելի երկարությունը 160 գծամետր է, մենք 50 սմ բարձրացրել ենք, որ ջուրն ընդունի թունելը, հետո բերմաներն ենք բարձրացնում: Հողային աշխատանքներ ենք կատարել մոտ 5000 խորանարդ, բետոնային աշխատանքներ՝ 380 խորանարդ:
Դվինի ջրանցքի արդիականացման աշխատանքները սկսել են հունվարից, կավարտեն մինչև մայիս: Որոշ հատվածներում աշխատանքները դեռ չեն մեկնարկել, որպեսզի գյուղատնտեսներին չխանգարեն, դրանք կիրականացնեն ոռոգման սեզոնի ավարտից հետո միայն: