ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը փորձում է գտնել հնարավոր տարբերակներ Արցախ այցելելու համար: Այդ մասին օմբուդսմանը հայտարարեց Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու և արցախցիներին ամիսներ շարունակ շրջափակման մեջ պահելու խնդիրներին:
«Երկու հարթության տեսանկյունից եմ այս հարցին մոտենում: Մեկը միջազգային հանրության հետ տարվող աշխատանքներն են, որն այս փուլում շատ ակտիվ եմ իրականացնում: Իմ նախաձեռնությամբ բոլոր միջազգային հնարավոր դերակատարների մոտ բարձրաձայնում եմ այս խնդիրը, նրանց հետ քննարկում եմ ուղիներ, որոնք հնարավոր են այս փուլում խնդիրները լուծելու տեսանկյունից: Իհարկե, դրանք բարձրաձայնում եմ մարդու իրավունքների պաշտպանության դիտանկյունից»,- ասաց Մանասյանը:
Հարցին ի պատասխան՝ որպես ՄԻՊ՝ փորձելո՞ւ է այցելել Արցախ, Անահիտ Մանասյանն ասաց. «Առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու եմ պարտադիր Արցախ այցելել: Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև ցույց տալ մարդու իրավունքների ոլորտի այն խնդիրները, որոնք այնտեղ առկա են:
Բնականաբար, մենք նաև պետք է արտաքին քաղաքական և այլ հնարավորությունները հաշվի առնենք: Ես այս պահին փորձում եմ գտնել հնարավոր տարբերակներ իմ այդ ցանկությունն ի կատար ածելու համար»:
Օմբուդսմանը նաև վստահեցրեց, որ ամենօրյա կապի մեջ է Արցախի ՄԻՊ-ի հետ:
Հեղինակ՝ Լուսինե Մուրադյան