Թուրքիայի նախագահի առողջական վիճակն արդեն մի քանի օր է՝ թուրքական և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է: Ընդ որում՝ շրջանառվում են բավական հակասական լուրեր: Երեկ թուրքական որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրտամկանի ինֆարկտ է ստացել և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Այդ լուրերը կեղծ են որակել Թուրքիայի նախագահի աշխատակազմում: Հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի խոսքով` Էրդողանի առողջական վիճակի վերաբերյալ «անհիմն պնդումները» իրականությանը չեն համապատասխանում։
Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն էլ նշել է, որ օտարերկրյա որոշ ԶԼՄ-ներում «անբարոյական կերպով սուտ լուրեր» են հրապարակվում Էրդողանի առողջության վերաբերյալ, շեշտել` նա շարունակում է կատարել իր պարտականությունները։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն էլ վստահեցրել է, որ նախագահ Էրդողանի առողջական վիճակը շատ լավ է, նա ընդամենը թեթև մրսածություն ունի:
Երեքշաբթի Էրդողանի հետ ուղիղ հեռարձակումն ընդհատվել էր նրա ինքնազգացողության վատացման պատճառով։ Երբ հեռարձակումը վերսկսվել էր, Էրդողանը նշել էր, որ ինքնազգացողության վատացման պատճառը գաստրոէնտերիտն է: Արդեն չորեքշաբթի Թուրքիայի նախագահը բժիշկների խորհրդով բաց էր թողել քարոզարշավի մի շարք միջոցառումներ:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը հաստատել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր տեսակապով մասնակցելու է «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը: Տեսակապով միջոցառմանը կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Թուրքիայի առաջին ատոմակայանի առաջին էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել մեկ տարվա ընթացքում:
ՋՈ ԲԱՅԴԵՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը հյուրընկալել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլին: Նախագահներն ընթրիքից առաջ հանդես են եկել կարճ ելույթներով: Նրանք ընդգծել են իրենց «երկաթե» գործընկերության փաստը: 2011 թվականից ի վեր սա Հարավային Կորեայի առաջնորդի առաջին պետական այցն է Միացյալ Նահանգներ: Ավելի վաղ Սպիտակ տան առաջնորդը հայտարարել էր Հարավային Կորեայի հետ նոր պայմանագրի մասին:
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան շրջադարձային համաձայնության են հասել Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքին դիմակայելու վերաբերյալ: Դրա համաձայն Վաշինգտոնը և Սեուլը կստեղծեն «միջուկային խորհրդակցական խումբ», որը կզբաղվի միջուկային զսպման համակարգի մշակմամբ, բացի դրանից՝ ամերիկյան ատոմային սուզանավերը պարբերաբար մուտք կգործեն հարավկորեական նավահանգիստներ: Նշվում է, որ խոսքը Հարավային Կորեայում միջուկային զենքի տեղակայման մասին չէ: Հարավային Կորեան իր հերթին համաձայնել է հրաժարվել սեփական միջուկային զենքի ստեղծման ծրագրից: Ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ «Վաշինգտոնի հռչակագիրը» կամրապնդի դաշնակիցների համագործակցությունը՝ կանխելու Հյուսիսային Կորեայի հարձակումը: Հարավային Կորեայի նախագահը նշել է, որ «Վաշինգտոնյան հռչակագիրն» ընդգծում է դաշնակիցներին պաշտպանելու Միացյալ Նահանգների հանձնառությունը:
ՉԺՀ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
Սի Ծինփինի հեռախոսազրույցն ուկրաինացի պաշտոնակցի հետ ցույց է տալիս, որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս Ուկրաինայի հետ հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև Պեկինի պատրաստակամությունը՝ պահպանելու համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Յու Յունը նշել է, որ Պեկինը և Կիևը՝ որպես ռազմավարական գործընկերներ, պահպանել են երկկողմ հարաբերությունների կայուն աճը, սերտ շփումները և զարգացրել են տնտեսական կապերը տասնամյակներ շարունակ: Անդարադառնալով ուկրաինական հակամարտությանը՝ Յունը շեշտել է, որ Չինաստանը հավատարիմ է եղել խաղաղ բանակցություններին նպաստելու իր որդեգրած քաղաքականությանը և կապ է պահել հակամարտության երկու կողմերի հետ:
Հեռախոսազրույցին անդրադարձել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ արդյունավետ զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղություն կառուցելու համար համատեղ աշխատանքային ուղիներին: Զելենսկին վերահաստատել է Ուկրաինայի դիրքորոշումը մեկ Չինաստանի քաղաքականությանը հավատարիմ մնալու վերաբերյալ և շնորհակալություն է հայտնել Սի Ծինփինին՝ Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։
Ուկրաինայի և Չինաստանի ղեկավարների հեռախոսազրույցին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմն ընդունել է Չինաստանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններ հաստատելու համար։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի մոտեցումները համահունչ են հակամարտության կարգավորման հարցում։ Զախարովան հավելել է, որ, ըստ ռուսական կողմի, «խնդիրը կարգավորման լավ ծրագրերի բացակայությունը չէ»։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի կառավարությունը «մերժում է խաղաղ բանակցությունների վերաբերյալ ցանկացած հիմնավոր նախաձեռնություն»։
ՍԻՐՈ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ. ՀՌՈՄԻ ՊԱՊԸ՝ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՄԱՍԻՆ
Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական ունկնդրության ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը անդրադարձել է Գրիգոր Նարեկացուն՝ նրան անվանելով համընդհանուր համերաշխության թարգման։ Պոնտիֆիկոսը, խոսելով «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին, շեշտել է, որ Նարեկացին հայ վանական էր, որը մարդկությանը թողել է աղոթքի գիրք, որում ձուլվել է հայ ժողովրդի հավատքը: Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ Գրիգոր Նարեկացին համաշխարհային, համընդհանուր սիրո փայլուն օրինակ է: