Երևանի «Հաղթանակ» զբոսայգու ավելի քան 17 հազար քմ հողատարածքը, որ օտարվել էր «Գոլդեն Փելիս Հյուրանոց» ընկերությանը, կվերադարձվի պետությանը: Վարչական դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճիռը, եթե չբողոքարկվի, օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամսից:
Սոնա Հովսեփյան (ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ) - Խնդրել էինք առոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետի 2006 թվականի ապրիլի 26-ի թիվ 622-Ա որոշումը, և նաև կիրառել անվավերության հետևանք դրանից հետո կնքված բոլոր գործարքների և պետական գրանցումների մասով:
2006-ին Երևանի քաղաքապետը Երվանդ Զախարյանն էր, իսկ նշված որոշմամբ տարածքն օտարվել է ուղղակի վաճառքի ձևով: Այնինչ, Երևանի գլխավոր հատակագծով դա զբոսայգու տարածք էր ու որպես այդպիսին` ընդգրկված Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, ինչը նշանակում է՝ օտարվել չէր կարող:
Դատարանը, հիմքում ընդունելով այն հանգամանքը, որ ըստ հատակագծի` սա օտարման ենթակա հողամաս չէր և օտարվել է, բավարարվել է առոչնչության պահանջով Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումը:
Տարածքն օտարելու մասին քաղաքապետի որոշման հիմքում դրվել է քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տրամադրած եզրակացությունը, որով իբրև թե այդ հողամասերը դադարել են լինել օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում:
Սոնա Հովսեփյան - Դրանք էդպես ցանկությամբ չեն կարող հայտնվել կամ չհայտնվել: Պիտի լինի իրավական հիմք, որ էս դեպքում գլխավոր հատակագիծն է` կառավարության որոշմամբ հաստատված:
Հատուկ քննչական ծառայությունը Երվանդ Զախարյանին և վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին մեղադրանք էր առաջադրել, բայց նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր վաղեմության ժամկետի հիմքով:
«Գոլդեն Փելիս Հյուրանոց» ընկերությունը «Հաղթանակ» զբոսայգու օտարված հողատարածքը ձեռք է բերել 281 մլն 370 հազար դրամով: Այսինքն՝ 1 քմ-ի դիմաց վճարել է ընդամենը 16.551 դրամ:
Տարածքում «Ռեդիսոն բլյու» հյուրանոցն է: Թե՛ այս հյուրանոցի, և թե՛ «Գոլդեն Փելիս Հյուրանոց» ընկերության տնօրենը Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի որդին է՝ Արտաշես Ավետիսյանը: Նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Աշխատակիցը խոստացավ փոխանցել հետաքրքրող հարցն ու հեռախոսահամարը, որպեսզի հարկ համարելու դեպքում նա ինքը զանգահարի:
Ի դեպ, Գլխավոր դատախազությունը ևս մեկ հայց է ներկայացրել վարչական դատարան, որը վերաբերում է նույն տարածքում «Գոլդեն Փելիսին» օտարված մեկ այլ` 10 հազար քմ հողակտոր պետությանը վերադարձնելուն: Դա նույնպես «Հողային օրենսգրքով» սահմանված օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում էր:
Հեղինակ` Աննա Զախարյան