Ռուսաստանն ու Թուրքիան այսօր պաշտոնապես ձևակերպեցին «Աքքույու» ԱԷԿ-ի թիվ 1 էներգաբլոկի միջուկային վառելիքով լիցքավորումը:
Թուրքիայի նախագահ Էրդողանը տեսակապի միջոցով միացել է Մերսինի «Աքքույու» ատոմակայանում տեղի ունեցող արարողությանը: Թուրքիայում բարձրացվեց խաղաղ ատոմի դրոշը:
Թուրքիան «Աքքույու» ատոմակայանը որպես միջուկային օբյեկտ գրանցելով՝ մտնում է զարգացած երկրների ակումբի մեջ։
Արարողությանը տեսակապի միջոցով հետևել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղի է ունեցել նաև երկու նախագահների հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը հաստատել են, որ մտադիր են էլ ավելի զարգացնել տնտեսական և առևտրային հարաբերությունները։
«Թուրքիայում գազի հանգույցի գործարկմամբ Անկարայի և Մոսկվայի միջև առևտրաշրջանառությունը կշարունակի աճել։ Ռուսական գազի մատակարարումը երրորդ երկրներ կիրականացվի Թուրքիայում գործարկվող գազային հանգույցի միջոցով գործարքներ կատարելիս»,- ասել է Պուտինը։
ՌԴ-ն և Թուրքիան հանդես են գալիս նաև երկու երկրի միջև իրականացվող ավիաչվերթերի թվի ավելացման օգտին։
ՌԴ նախագահ Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է բարեկամական աջակցության ձեռք մեկնել Թուրքիային։