Իտալիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Պասկուալ Բոնավոտային՝ «Նդրանգետա» կոչվող երկրի ամենամեծ մաֆիոզ խմբավորումներից մեկի բոսին։ Այս մասին հայտնել է La Stampa թերթը։
Հրատարակության տվյալներով՝ 50-ամյա Բոնավոտային ձերբակալել են երկրի հյուսիսում՝ Ջենովայում, 5 տարվա որոնումներից հետո: Նա մեղադրվում է մի քանի սպանության և այլ ծանր հանցագործությունների համար։
Բոնավոտայի ձերբակալությունը կատարվել է «Նդրանգետայի» գործի հետաքննության շրջանակներում: 2019 թվականին այդ գործով մաֆիոզ շրջանակներից ձերբակալվել էր 334 մարդ: Սինդիկատի ղեկավարը միակն էր, որ մինչև վերջերս ազատության մեջ էր։
Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, Ֆրանսիայում ձերբակալվել էր իտալական խոշոր մաֆիոզ Էդգարո Գրեկոն, որն Իտալիայում դատապարտվել էր սպանության համար։ Նա մի քանի տարի ներկայացել է որպես խոհարար։
Իսկ մինչ այդ՝ հունվարի 16-ին, Իտալիայում կալանավորվել էր «Կոզա Նոստրա» մաֆիայի բոսը՝ Մատեո Մեսինա Դենարոն, որը հետախուզման մեջ էր մոտ 30 տարի։ Նրան ձերբակալել են Սիցիլիայում՝ մասնավոր կլինիկաներից մեկում։