ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ակնհայտ համարեց այն, որ պետք է վերջինս ունենա իրագործման երաշխիքներ և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի ու գործուն համակարգ:
Ըստ գործադիրի ղեկավարի՝ հստակ պետք է նաև արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը, ինչպես նաև պետք է ներդրվեն հետագա էսկալացիաները բացառելու հստակ մեխանիզմներ:
«Մեզնից ու միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ և անկեղծ ջանքեր իրադրության հետագա լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար: ՀՀ-ն այս ուղղությամբ շարունակելու է բոլոր հնարավոր ջանքերի գործարկումը, բայց այդ ջանքերին զուգահեռ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը:
Ադրբեջանի ջանքերը՝ ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն, և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների նեկայությունն է ԼՂ-ում:
Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելության գործուղումը»,- ասաց վարչապետը: