Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը պատրաստ է 2024 թվականի նախագահական արշավին իր մասնակցության մասին հայտարարել արդեն մայիսի կեսերին՝ հայտնում է NBC News-ը՝ հղում անելով Հանրապետական կուսակցության իրազեկ աղբյուրներին։
Դեսանտիսը երկար ժամանակ համարվում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցներից մեկը։ Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ Ֆլորիդայի նահանգապետը հետ է մնում Սպիտակ տան նախկին ղեկավարից։
Երեքշաբթի Morning Consult-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ Թրամփը Դեսանտիսից առաջ է անցել 37 տոկոսային կետով։ Չորեքշաբթի FoxNews-ի հրապարակած սոցհարցումը ցույց է տվել, որ Թրամփն ակնհայտ առաջատար է՝ հարցվածների 53 %-ը պաշտպանել է նրան, իսկ 21 %-ը՝ Դեսանտիսին:
Նախկին փոխնախագահ Մայք Փենսը, որը չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, ունի ընդամենը 6% աջակցություն: ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին էլ, որը հայտարարել է իր մասնակցության մասին, ստացել է 4% աջակցություն։