Ապրիլի 24-ին Եվրախորհուրդը կողմ է քվեարկել կազմակերպությանը միանալու Կոսովոյի դիմումի քննարկման ընթացակարգ սկսելուն։ Մի քանի օր առաջ Եվրախորհուրդը և Եվրախորհրդարանը համաձայնել էին Եվրահանձնաժողովի առաջարկին՝ Պրիշտինայի հետ առանց վիզայի ռեժիմ մտցնելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստացել է վերանայել երկրի արտաքին քաղաքական ռազմավարությունը։
Եվրախորհրդի 46 անդամից 33-ը կողմ են քվեարկել այս կառույցին Կոսովոյի միանալու գործընթաց սկսելուն։ Բացի Սերբիայից՝ դեմ է քվեարկել վեց պետություն՝ Հունգարիան, Իսպանիան, Ադրբեջանը, Ռումինիան, Վրաստանը և Կիպրոսը։ Հայաստանը չի մասնակցել քվեարկությանը։ Կոսովոն ստացել է հայտը հաստատելու համար անհրաժեշտ ձայների երկու երրորդը՝ Եվրախորհրդի ձեռնպահների պատճառով, որոնք հինգն էին, այդ թվում՝ Ուկրաինան։
Սերբիայի նախագահը քվեարկությունն անվանել է «մեծ ամոթ» և հատկապես ընդգծել Կիևի դիրքորոշումը, որը, նրա խոսքով, առանձին համաձայնեցվել էր ԱՄՆ-ի հետ հանդիպման դադարի ժամանակ: «Եթե ինչ-որ մեկը չի հարգում Սերբիայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ մենք պետք է հարգենք ու շտապենք ամեն գնով պաշտպանել նրա տարածքային ամբողջականությունը: Երեկ Եվրախորհրդին Կոսովոյի անդամակցության հարցի վերաբերյալ քվեարկությունից ձեռնպահ մնալը հավասարազոր էր Կոսովոյի ճանաչմանը»,- ասել է Վուչիչը ժողովրդին ուղղված ուղերձում։