Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին» Կառավարության որոշման նախագիծը:
Նախորդ տարվա բյուջեի կատարողականի ուշագրավ ցուցանիշներն են՝
-
2022 թվականին գրանցվել է 12.6% տնտեսական աճ.
-
նախորդ տարվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.5 %ով կամ 379,3 մլրդ դրամով, ծախսերը՝ 11,9 %-ով կամ 238,3 մլրդ դրամով.
-
2022 թվականին տնտեսության արտաքին դիրքի զգալի բարելավման արդյունքում ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 0,9 %-ը.
-
պետական բյուջեի ընթացիկ ծախսերի կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 21,9%, իսկ կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 4,6%:
Հարկաբյուջետային քաղաքականության ջանքերը թույլ են տվել ապահովելու ՀՆԱ-ի համեմատությամբ պետական բյուջեի պակասուրդի նվազում:
Արդյունքում բյուջեով պլանավորված` ՀՆԱ-ի նկատմամբ 3,0% պակասուրդը տարվա ընթացքում վերանայվել է դեպի ներքև և փաստացի կազմել է 2,1%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 2,5 տոկոսային կետով:
Պետական բյուջեի պակասուրդի նվազման, բարձր տնտեսական աճի և փոխարժեքի արժևորման պայմաններում Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն էականորեն նվազել է՝ կազմելով 46,7%՝ կանխատեսված 60,2%-ի փոխարեն՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 13,6 տոկոսային կետով:
ՀՀ կառավարության պարտքը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3,969.7 մլրդ դրամ (10,086.4 մլն ԱՄՆ դոլար):
Կառավարության արտաքին պարտքը նվազել է և՛ դրամային, և՛ դոլարային արտահայտությամբ: