ԱՆԿԱՐԱՆ ՄԻՇՏ ԲԱՔՎԻ ԿՈՂՔԻՆ Է ԵՂԵԼ ԵՎ ԿԼԻՆԻ. ՔԱԼԸՆ
44-օրյա պատերազմից ի վեր Անկարան Բաքվի կողքին է եղել և միշտ կլինի՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակը «Թուրքիայի արտաքին քաղաքականության 100-ամյակը» խորագրով կոնֆերանսի ժամանակ: Իբրահիմ Քալընը նշել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսել, որ տարածաշրջանային բոլոր երկրները՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, համատեղ ուժերով խաղաղության և կայունության մթնոլորտ ձևավորեն։
«Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումը բխում է երկու երկրի շահերից։ Այդ գործընթացը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա էլ դրական ազդեցություն կունենա: Ուստի շարունակելու ենք աջակցել խաղաղ բանակցություններին»,- նշել է Քալընը։
Թուրքիայի նախագահի խոսնակը կարծիք է հայտնել, թե իբր Ֆրանսիան և այլ դերակատարներ բարդացնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, և նրանց կոչ արել առավել կառուցողական դիրք գրավել:
ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՏԱՑԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ երեկոյան Թուրքիայի նախագահի հետ ուղիղ հեռարձակումն ընդհատվել էր նրա ինքնազգացողության վատացման պատճառով։ Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Էրդողանը պատասխանում էր թուրքական հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին։ Երբ հեռարձակումը վերսկսվել է, Էրդողանը ասել է, որ ինքնազգացողության վատացման պատճառը գաստրոէնտերիտն է, սակայն որոշել է չչեղարկել լրագրողների հետ հանդիպումը՝ մտածելով, որ իրեն սխալ կհասկանան։
Ավելի ուշ Էրդողանը Թվիթերի միկրոբլոգում գրառում է կատարել, տեղեկացրել, որ այսօր Կիրիկքալեում, Յոզգաթում և Սըվասում նախատեսված ելույթները հետաձգվում են: «Բժիշկների խորհրդով կմնամ տանը»,- հավելել է Թուրքիայի նախագահը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԱՄՆ-Ի ԴԵՄ. ՍՈՅԼՈՒ
Թուրքիայի իշխանությունները իրականում պայքարում են ոչ թե երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության, այլ ԱՄՆ-ի դեմ՝ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը։
«Մենք մի շարք ահաբեկչական կազմակերպությունների ենք հետապնդում: Սակայն իրականում մենք կռվում ենք ԱՄՆ-ի դեմ: Մենք միամիտ չենք և ամեն ինչ հասկանում ենք: ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայի սահմանին ահաբեկչական պետություն ստեղծել»,- ասել է Սուլեյման Սոյլուն։
Ավելի վաղ էլ պաշտոնյան հայտարարել էր, որ թուրքական կողմը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում: Նրա խոսքով՝ Սիրիայում և Իրաքում արդեն չորս խոշոր գործողություն է իրականացվել՝ Թուրքիայի սահմանները պաշտպանելու համար:
ՍՊԱՆՎԵԼ Է ՍՊԱՀԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Իրանի հյուսիսում գտնվող Մազանդերան նահանգում սպանվել է Իրանի փորձագետների խորհրդի անդամ Աբբաս Ալի Սոլեյմանին՝ հայտնում են իրանական լրատվամիջոցները: Փորձագետների խորհուրդը հատուկ կառավարական մարմին է, որն ընտրում է Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդին: ԶԼՄ-ների տվյալով՝ կասկածյալը բերման է ենթարկվել: Սպանության պատճառները դեռևս չեն հաղորդվում։
Սոլեյմանին ծառայում էր որպես Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչ Սպահան նահանգի Քաշան քաղաքում, ինչպես նաև Սիստան և Բելուջիստան նահանգում:
ԻՐԱՆՆ ՈՒ ՕՄԱՆԸ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Իրանի արտաքին գործերի նախարարը հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում աշխատանքային այցով մեկնել է Օմանի մայրաքաղաք Մուսքաթ, հանդիպել Օմանի պաշտոնակցի հետ: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Սայիդ Բադր Ալբուսաիդին քննարկել են երկկողմ գործակցության հեռանկարները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումները։
Իրանցի դիվանագետը համոզմունք է հայտնել, որ երկրների միջև ամենաբարձր մակարդակով փոխայցերն էլ ավելի են նպաստում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը: Աբդոլլահիանը նաև շնորհակալություն է հայտնել Օմանին՝ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կարգավորման գործընթացը դյուրացնելու և Եմենում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Իրանի միջուկային ծրագրի վերականգնմանը և Թեհրանի դեմ արևմտյան պատժամիջոցներին: