Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ընդունել է Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեի գլխավորած` Իզերի դեպարտամենտ-Գրենոբլ պատվիրակության ներկայացուցիչներին։
«Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ IRAPA հարթակի պիլոտային կոմիտեի ժողովը, որի ընթացքում Ֆրանսիայից ժամանած ոլորտային պատասխանատուների հետ քննարկեցինք Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում իրականացված, ընթացքի մեջ գտնվող և հեռանկարային ծրագրերը։
Քննարկվեցին մարզի դպրոցականների շրջանում ֆրանսերեն լեզվի ուսուցման արդեն տարիների պատմություն ունեցող դասընթացների անցկացման, դրանց ընդլայնման, մշակութային մի շարք ծրագրերի իրականացման մասին հետագա անելիքները:
Կարևորվեց Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման և Ֆրանսիայում հայկական մշակույթի ներկայացման գործընթացը, այդ թվում՝ երաժշտական ծրագրերը և համագործակցությունը թատերական ոլորտում:
Ներկայացվեցին «ԱՖՐԱՏ»-ի զարգացման ծրագրերը, որոնք միտված են վերապատրաստումների միջոցով լեռնային բնակավայրերում զարգացնել տուրիզմը՝ բնակչության շրջանում այն հասանելի դարձնելով գովազդային վահանակների, տպագրական նյութերի միջոցով։ Ըստ ոլորտի պատասխանատուի՝ ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսվում է վերապատրաստումներ իրականացնել էկոտուրիզմի, քայլարշավային տուրիզմի զարգացման ուղղությամբ, որտեղ կարող է օգտագործվել Ֆրանսիայի գործակալությունների ներուժը։
Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքների բժշկական ամբուլատորիաներում իրականացվել են զգալի թվով ծրագրեր՝ շենքերի վերանորոգման, դրանց վերազինման և բուժանձնակազմի վերապատրաստման ուղղությամբ։
Գեղարքունիք-Իզեր ապակենտրոնացված համագործակցությունը փորձում է ընդլայնվել նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Այս նպատակով Սևանում ստեղծվել է տեխնոլոգիական վերապատրաստումների կենտրոն, որի նպատակն է երիտասարդներին վերապատրաստել վերականգնվող էներգիաների հետ կապված մասնագիտությունների գործում: Զարգացնելով ծրագիրը՝ այս տարի արդեն իրականացվել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտի մասնագետների վերապատրաստման աշխատանքներ: Նախատեսվում է ընդլայնել այս գաղափարը և շարունակել նաև տեխնոլոգիական վերապատրաստումների ծրագրերը տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդկանց համար»,- ասված է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։