Օրերս ՀՀ ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Միլան-Երևան ավիաչվերթով Հայաստանի Հանրապետություն ժամանած երկու քաղաքացու պատկանող ուղեբեռները, ովքեր ընտրել էին մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը:
Քաղաքացիների 5 ուղեբեռի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում վերջիններիս մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված ընդհանուր 76 անուն ապրանք՝ բրենդային հագուստ, օծանելիք, ժամացույցներ և այլ աքսեսուարներ։ Հայտնաբերված ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցել է 50 մլն դրամը:
Միլանից Երևան ժամանած քաղաքացիների մոտ չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերելու փաստով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագություններ՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով և տրամադրվել ՊԵԿ-ի իրավաբանական վարչություն: