ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին քննարկման է ներկայացվել «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցությանը մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը:
Ըստ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանի՝ համաձայնագիրն ուղղված է ԱՊՀ մասնակից երկրների միջև համագործակցության ուժեղացմանն այն դեպքերում, երբ պետություններն առանձին-առանձին չեն կարողանում կանխարգելել հիվանդությունների հետագա տարածումը: Համաձայնագրով առաջարկվող փոխօգնությունը կկազմակերպվի համաճարակաբանական մասնագիտացված խմբերի միջոցով:
«Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է հատուկ կարծիքով, իսկ Ադրբեջանի Հանրապետության կողմից՝ վերապահումով:
Միաժամանակ կարծում ենք, որ այս փաստաթուղթը կտա հնարավորություն՝ մասնակից պետությունների հետ ավելի ընդլայնելու և խորացնելու համագործակցությունը հետագա արտակարգ իրավիճակների դեպքում»,- նշեց Նանուշյանը՝ հավելելով, որ համաձայնագիրն անցած տարի է ստորագրվել Աստանայում:
Պաշտոնյան նաև պարզաբանեց, որ Ադրբեջանի վերապահման մեջ նշվում է, թե սույն համաձայնագրի դրույթներն Ադրբեջանի Հանրապետության կողմից չեն կիրառվելու ՀՀ-ի նկատմամբ մինչև հակամարտության հետևանքների ամբողջական վերացումը: Իսկ հայկական կողմի հատուկ կարծիքում նշվում է, որ վերոնշյալ դրույթները չեն կիրառվելու Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ չեն իրականացվել 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջները՝ ըստ ՄԱԿ-ի կանոնների:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նկատեց, որ թեև կորոնավիրուսի ընթացքում տարբեր երկրների միջև փոխօգնություն եղել է, սակայն այս համաձայնագրով հնարավորություն կտրվի երկրների միջև փոխգործակցության շրջանակն ընդլայնել, գործընթացը կլինի առավել կանոնակարգված, և բոլորը կիմանան իրենց պարտականություններն և իրավունքները: