Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել Challenger 2 տանկերի համար նախատեսված մի քանի հազար արկ, որոնցից մի քանիսը պարունակում են սպառված ուրան, ասել է Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցադրմանը: Պատասխանը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
«Մենք հազարավոր արկեր ենք ուղարկել Challenger 2-ի համար Ուկրաինա, այդ թվում՝ սպառված ուրանով զրահահար արկեր»,- ասվում է նամակում։
Հիփին նշել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով չի հայտնում, թե արդյոք Ուկրաինան օգտագործել է առաքված արկերը։ Ռուսական կողմը բազմիցս քննադատել է Կիևին նման զենք հանձնելու Լոնդոնի ծրագրերը։
Challenger 2-ը՝ բրիտանական բանակի ցամաքային զորքերի հիմնական մարտական տանկը, արտադրվել է 1994-2009 թթ.: Ընդհանուր առմամբ, բրիտանական արդյունաբերությունը արտադրել է այս մոդելի ավելի քան 400 տանկ: