Ժամկետային զինծառայողին որպես զորամասի ջոկի վարորդ կաշառքով նշանակելու գործով ձերբակալված չորս անձից երեքը կալանավորվել են: Մեկը զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալն է: Փոխգնդապետ Կարեն Ավետիսյանը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ քննիչի, միջնորդներից մեկի միջոցով պահանջել է կաշառք և նույն օրը զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին հանձնարարել զինծառայողին ընդգրկել վարորդի հաստիքին նշանակվող անձանց ցուցակում:
Լեռնիկ Ստեփանյան (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ) - 2023-ի մարտի 7-ին որպես միջնորդ հանդես եկած անձի միջոցով պահանջել է խոշոր չափերով՝ 971.500 ՀՀ դրամին համարժեք 2500 դոլար կաշառք: Կաշառքի միջնորդ հանդես եկած անձը խոստացել է, որ լրացուցիչ քննարկման արդյունքում կտեղեկացնի կաշառք տվողի համաձայնության առկայության կամ բացակայության մասին: Հաջորդ օրը տեղի ունեցած խոսակցության ժամանակ կաշառք ստացող պաշտոնատար անձը պահանջել է 1500 դոլար:
Քննիչի տեղեկացմամբ՝ զինծառայողի ազգականը մարտի 8-ին Էջմիածնում հանդիպել է հրամանատարի տեղակալի հետ և նրան տվել 605.000 դրամին համարժեք 100.000 ռուսական ռուբլի և 90.000 դրամ: Մարտի 31-ին ժամկետային զինծառայողը նշանակվել է նույն զորամասի ջոկի վարորդ:
Լեռնիկ Ստեփանյան - Քրեական վարույթով ձեռք բերված տվյալները վկայել են այն մասին, որ հիշյալ ժամկետային զինծառայողի ազգականը, ինչպես նաև նշված միջնորդները մինչև կաշառքի շուրջ համաձայնության գալը, պաշտոնատար անձին կաշառք տալը նպատակ է հետապնդել տվյալ ժամկետային զինծառայողին զերծ պահելու մարտական դիրքերում ծառայություն իրականացնելուց:
Հսկող դատախազը բավարարել է 4 անձի՝ բարձրաստիճան զինվորականի, ժամկետային զինծառայողի ազգականի և երկու միջնորդների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու քննիչի միջնորդությունները: Պաշտպանության նախարարության փոխգնդապետը մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու, գործով ներգրավված երկու անձինք՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառքի միջնորդություն կատարելու և զինծառայողի ազգականը՝ խոշոր չափի կաշառք տալու համար:
Լեռնիկ Ստեփանյան - Դատարան ներկայացված միջնորդությունները բավարարվել են, կաշառք ստացող, տվող, միջնորդներից մեկի նկատմամբ կիրառվել է կալանքը երկու ամիս ժամկետով: Միջնորդներից մեկը վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ ազատ է արձակվել, կիրառվել է բացակայելու արգելքը: Կալանավորված անձինք մեղավոր չեն ճանաչել, հրաժարվել են ցուցմունքից:
Քննիչի խոսքով՝ մոտ 15 օր առաջ բարձրաստիճան զինվորականն իր դիմումի համաձայն ազատվել է ծառայությունից և զորացրվել: Քրեական վարույթը նախաձեռնվել է Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում և ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննության: