«ԶԻՆԱՊԱՀ»՝ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ:
«1000 +» անվամբ առավել հայտնի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը այսօրվանից նոր անվամբ կներկայանա:
Նարինե Գալստյան (ԶԱԱՀ hանրային կապերի և հաղորդակցման տնօրեն) - «1000 +» անվանումը որևէ կերպ ինտեգրված չէ համակարգում, լոգոյում, որևէ նույնականացում չկա, այն չի արտահայտում հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը:
Արծիվը՝ զինվորն է, վահանը՝ զինվորի թիկունքը պաշտպանող հիմնադրամը, իսկ ցորենը՝ կյանքի շարունակությունը:
«ԶԻՆԱՊԱՀ» անվանումը ոչ միայն իր խորհրդով, այլև կառուցվածքով է ներառում ամբողջական անվանումը՝ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ:
Անվանումից բացի, փոխվում է նաև հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը: Տնօրենի խոսքով՝ հիմնադրամը հիմա էլ վերակազմավորման փուլում է, մեկնարկել է Կենտրոնական բանկից առանձնանալու, անկախ ձեռնարկություն դառնալու գործընթացը։
2017-2022 թթ․ հիմնադրամը հատուցում է տրամադրել 5090 շահառուի։ Միայն 2022 թ․ շահառու է դարձել 411 զինծառայող, իսկ 2023 թ․ 1-ին եռամսյակում՝ 52։ Կարինե Սարգսյանն է կատարված աշխատանքը ամփոփում:
Կարինե Սարգսյան (ԶԱԱՀ գլխավոր գործադիր տնօրեն) - 2022-ին ունեցել ենք 411 դեպք, և 235-ը չորրորդ եռամսյակում է եղել, ընդգրկում է նաև սեպտեմբերյան էսկալացիայից ստացված դեպքերը, 16,8 մլրդ դրամի հատուցում:
2023-ի ունեցել ենք 52 շահառու, որոնց մեջ ընդգրկված են նաև Ազատ գյուղի 15 զինծառայողները:
Հատուցման համար անհրաժեշտ գումարները ինչպես հիմնադրման պահին՝ 2017-ին կամ 2020-ի պատերազմից հետո, այնպես էլ հիմա ձևավորվում են երեք ուղղություններով: Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտադիր վճար է կատարում աշխատավարձից՝ 1500-15.000 դրամ՝ կախված ամսական եկամտից: Տարբեր երկրներից ու նաև Հայաստանից ստացված նվիրաբերություններ և արդեն առկա միջոցների ակտիվների կառավարում: Տնօրենը պատմում է՝ հիմնադրամը 2022 թվականին 24 տոկոս եկամտի աճ է ունեցել շնորհիվ պարտադիր վճարների, իսկ նվիրատվությունները, ընդհակառակը` նվազել են 53 տոկոսով։ «ԶԻՆԱՊԱՀՆ» այսօր արդեն աջակցում է 5145 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ դեռ 2008 թ.-ից սկսած բոլոր դեպքերն են ներառում։ Մինչև 44-օրյան 416 շահառու է ունեցել հիմնադրամը: Արդեն իսկ ընդհանուր տրամադրել է ավելի քան 76 մլրդ դրամի հատուցում։
Հիմնադրամի կարգախոսը առաջիկա տարիներին կլինի՝ «Միասին զինվորիս կողքին»՝ ցույց տալով ազգովի աջակցությունը զինծառայողներին և ընտանիքներին և ընդգծելով հիմնադրամի առաքելությունը՝ որպես ազգային հաջողված նախագիծ:
Եվս մեկ անգամ շեշտում են՝ «ԶԻՆԱՊԱՀ»-ը ապաքաղաքական կառույց է, տեսակով եզակի տարածաշրջանում, քանի որ այս հիմնադրամի լինելության հիմքում Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից արված պարտադիր վճարն է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան