Հանրապետության տասնյակ՝ երևանյան, մարզային, համայնքային, մասնագիտական ու բուհական գրադարաններ մեկ շաբաթ շարունակ մեծահասակների շարունակական կրթության յուրօրինակ հարթակ են հանդիսացել:
Ապրիլի 17-23-ն ընկած օրերին գրադարաններում՝ սերունդներին երկրի մշակույթի, գրականության ու պատմության վերաբերյալ դասեր փոխանցելու «աշխատանքին» ավելացել են գրադարանավարների համար նախատեսված վերապատրաստման դասընթացները:
Հայկական գրադարանային ասոցիացիայի (ՀԳԱ) նախաձեռնությամբ արդեն 22-րդ անգամ կազմակերպված ու «Գրադարանը կրթության բաց հարթակ» խորագիրը կրող մշակութային- մասնագիտական Ազգային գրադարանային շաբաթը հնարավորություն է ընձեռել կազմակերպելու փոխայցելություններ մարզային ու քաղաքային գրադարանների միջև, գրադարանների փորձն ու նորարար լուծումները միմյանց հետ կիսելու, գրադարանային արդի խնդիրների շուրջ քննարկումներ կազմակերպելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գրադարանների միջև համատեղ միջոցառումներն ու վարպետության դասերն ավելի հաճախ կազմակերպելու վերաբերյալ: Հատկապես մարզային գրադարանների աշխատակիցների հետ հանդիպումները ևս մեկ անգամ կարևորել են նրանց դերը հայկական թվային բովանդակության ստեղծման, բացառիկ պատմական տեղեկությունները շահագրգիռ լսարանին մատուցելու տեսանկյունից:
Երիտասարդ ընթերցողների ու գրադարանների աշխատակիցների գնահատմամբ՝ շաբաթի ընթացքում հայկական ժայռապատկերների վերաբերյալ կազմակերպված դասընթացն ազգային մշակույթի ու պատմության դռները բացող յուրօրինակ բանալի էր: