Ութ ամիս անազատության մեջ գտնվող՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երեք ամսով երկարաձգվեց: Նախկին բարձրաստիճան սպայի գործով առաջին նիստը դռնփակ անցկացվեց, որին սակայն դեմ էր պաշտպանական կողմը, պնդելով՝ գործը կարևոր է ու հնչեղ:
Երեմ Սարգսյան (Միքայել Արզումանյանի պաշտպան) - Ես միջնորդելու եմ, որպեսզի դռնբաց դատական նիստ լինի, որ էս հարցը հրապարակային քննվի, և բոլորը տեսնում են, թե արդյոք էդ տեղեկությունը, որը հաղորդվում է պաշտոնական մակարդակով, ճիշտ է, թե ոչ:
Դռնփակին, սակայն, կողմ էին հանրային մեղադրողները՝ Վազգեն Վարդանյանն ու Հայկ Ռափյանը:
Դռնփակ նիստի մանրամասները լրագրողներին հայտնեց Արզումանյանի պաշտպանը: Նշեց՝ նիստը դռնբաց քննելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է, ինչից հետո պաշտպանը մեղադրողներին բացարկի միջնորդություն է ներկայացրել, որը եւս մերժվել է: Այնուհետև դատարանը որոշել է երկարաձգել կալանքը: 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Արզումանյանը մեղադրվում է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութության, երկրորդ դրվագով՝ իշխանազանցության համար: Այդ հոդվածի քննությունը վերապահված է հակակոռուպցիոն դատարանին, դա է պատճառը, որ գործը հենց այդ ատյանում է: Արզումանյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Երեմ Սարգսյան - Միքայել Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատար 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, այսինքն` այն պահին, երբ որ արդեն մեկ ամիս անցել էր պատերազմից, եւ, ըստ էության, ծայրահեղ վատ վիճակում էր գտնվում բանակը:
Ըստ գործի նյութերի՝ հակառակորդին դեռ նոյեմբերի 5-ի երեկոյան է հաջողվել մուտք գործել Շուշի, բայց նոյեմբերի 6-ին Արզումանյանը վերադաս հրամանատարությանը զեկուցել է, թե իրադրությունը բարդ է, բայց վերահսկելի է:
Երեմ Սարգսյան - Եթե որևէ մեկը կասի, որ իրենք տեղյակ չէին, թե էնտեղ ինչ է կատարվում, դա հրապարակային Արայիկ Հարությունյանն էր ասում, Արծրուն Հովհաննիսյանն էր ասում, ամեն օր ասում էին, թե ինչ է տեղի ունենում, էս ամեն ինչը բացահայտ է եղել, ուզում են ասել` որևէ մեկը չի իմացել դրա մասին, թե հակառակորդը ինչքան է առաջ եկել, և Արզումանյանն էլ որ ասել է իրավիճակը վերահսկելի է, վերահսկելի` այնքանով, որքանով դեռևս պաշտպանություն է իրականացնում, այսինքն չի դադարել պաշտպանվելը:
Արզումանյանի մեղադրանքի մյուս դրվագը վերաբերում է «Արեգա» բարձունքին, այդ ժամանակ նա հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալն է եղել: Ըստ մեղադրանքի՝ բարձաստիճան նախկին սպան գրաված բարձունքից նահանջելու հրաման է տվել, պաշտպանը, սակայն, պնդում է՝ դիրքը հայկական կողմը գրաված չի եղել:
Երեմ Սարգսյան - Այն անձինք, որոնք այդտեղ ներկա են եղել, ունեն որոշակի այլ խնդիրներ` այլ ցուցմունքներ տալու:
«Լուրեր»-ի հարցին` Արզումանյանը, այնուամենայնիվ, բարձունքում եղե՞լ է, պաշտպանը դրական պատասխան տվեց, նշեց` ստորաբաժանում է եղել, որի հետ կապը կտրվել է, և Արզումանյանն այնտեղ է մեկնել՝ նրանց գտնելու:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան