Օդում կախված մալուխի խրձերը Երևանում առաջինը Ամիրյան փողոցից կանհետանան, քիչ մնաց։ Դրանք գետնի տակ մտցնելու համար նախորդ մեկ ամսում ճանապարհի կողային հատվածների տակով հատուկ խողովակներ են անցկացվել։ Ամենաուշը այս շաբաթվա վերջին արդեն բետոնած փոսերը կհարթեցնեն ասֆալտով, խոստանում է շինարարը։
Ալեքսեյ Պերցով (ծրագրի ղեկավար, կապալառուի ներկայացուցիչ) - Կսկսենք Սարյանի կողմից ու ասֆալտելով կիջնենք։ Մաքսիմում մի երեք օրում փոսերի համար մեզ էլ չեն հայհոյի:
Մալուխների ստորգետնյա գծեր անցկացնելուն զուգահեռ՝ Ամիրյանում նաև գիշերային լուսավորությունն է փոխվում։ Նոր ԼԵԴ լուսատուները ցինկապատ հենասյուների վրա են։ Հատուկ է այդպես արվել, քանի որ հները ներկով էին մեկուսացված և վթարներից վնասվելու ժամանակ երբեմն հոսանքահարում էին մարդկանց։
Հովհաննես Կարապետյան (շինարարական աշխատանքների ղեկավար) - Եթե ներկը դուրս ա գալիս, ինքը դառնում ա հաղորդիչ՝ սովորական մետաղ, իսկ ցինկն ունի երկար տարիների կյանք:
Նոր սյուների վրայով չի թույլատրվի որևէ լար անցկացնել։ Ինտերնետի փրովայդերներն ու էլեկտրացանցերը մեկ ամիս ժամանակ ունեն՝ այժմ եղած միացումները ստորգետնյա գծի վրա փոխելու համար։ Ամիրյանում օդում մալուխ տեսան՝ կտրելու են, հայտարարում է «Երքաղլույսի» ղեկավարը։
Անդրանիկ Թևոսյան («Երքաղլույս» ընկերության տնօրեն) - Լինի գովազդ, լինի մալուխ՝ ուղղակի հնարավոր չի, բոլորը պետք ա անցնի գետնի տակ, որպեսզի ամբողջությամբ լինի մաքուր:
Մայրաքաղաքի հաջորդ հասցեն, որտեղ գիշերային լուսավորությունն առաջիկայում ԼԵԴ-երի կանցնի, Մյասնիկյան-Աճառյան փողոցներն են։ Այնտեղ, ըստ Անդրանիկ Թևոսյանի, գործը դժվար է առաջ գնում, բայց վերևի խաչմերուկներում վարորդները պետք է որ արդեն նկատած լինեն՝ ճանապարհն ինչքան պայծառ է լուսավորվում։
Անդրանիկ Թևոսյան - Այնտեղ շինարարական աշխատանքները սկսվել են 2019 թվականից, ունենք բազմակի խնդիրներ՝ թե՛ կոմունիկացիոն, թե՛ շինարարական, բայց պետք է այս տարի հունիսին դա էլ ավարտին հասցնենք:
Այս երկու հատվածների ավարտից հետո շինարարությունը կվերսկսվի Թումանյան փողոցում, որտեղ մալուխները գետնի տակ անցկացնելու գործը 3 տարի առաջ սկսվել ու կիսատ էր մնացել։ Ծրագրի կապալառու՝ ֆիննական «Քնսորթիում օնինեն օյ էնսթո օյի» ընկերության առաջ Երևանի քաղաքապետարանը պայման է դրել՝ կտեսնեն՝ ի՞նչ որակ են ապահովում, որից հետո միայն կորոշեն նախագծի հետագա ճակատագիրը։ Ամիրյանը նոր-նոր վերջացնում են, այնինչ ՎԶԵԲ-ի ֆինանսավորած 4 մլն եվրո վարկով ու 1,9 մլն դրամաշնորհով այս տարվա վերջին արդեն պետք է գետնի տակ մտցված լիներ 28 փողոցի մալուխային ցանց։
Անդրանիկ Թևոսյան - Պետք ա էս տարի վերջանար, դրա համար մենք կապալառուի առաջ խնդիր ենք դրել, որ գոնե ավարտին հասցնի երկու փողոց ավարտված, այնուհետև նոր քննարկենք ծրագրի հետագան:
Կապալառուի հետ 2019-ին կնքված պայմանագիրն այս ընթացքում երկարաձգվել էր, փոփոխություն արվել․ «Երքաղլույսում» հիմա ստորգետնյա կապուղիների անցնելու և լուսավորության ցանցի արդիականացման 6 նախագիծ կա՝ Ամիրյան, Աճառյան-Մյասնիկյան, Թումանյանից բացի՝ Խորենացու, Վարդանանց ու Հանրապետության փողոցներինը։