Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում միակողմանիորեն անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու և առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ Թվիթերի միկրոբլոգում նման գրառում է կատարել Ժոզեպ Բորելը:
«ԵՄ-ն շարունակում է ներգրավվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,- գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը:
ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺ. ՊԱՏԵԼ
ԱՄՆ պետքարտուղարությունը ևս խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը:
Վեդանտ Պատել (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ) - Պետքարտուղարն անձամբ մեծապես գնահատում և կարևորում է Հարավային Կովկասի հարցը: Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ։ Այդ քայլը խաթարում է խաղաղության գործընթացում վստահության մթնոլորտի հաստատման ջանքերը: Մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում մարդկանց և ապրանքների տեղաշարժը պետք է լինի ազատ և բաց:
Վեդանտ Պատելը հավելել է՝ Վաշինգտոնը շարունակելու է խորապես ներգրավված մնալ Հարավային Կովկասի հետ կապված հարցերում:
ԱՆՑԱԿԵՏԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄ
Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը վերաբերում է Լաչինի միջանցքի հետ կապված Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների բացահայտ չկատարմանը:
Եվրոպացի խորհրդարանականները լուրջ մտահոգություն են հայտնել 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ։
«Սա կարելի է համարել որպես նոյեմբերի 9-ի հայտարարության ակնհայտ խախտում, ինչպես նաև անհարգալից վերաբերմունք Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի պարտադիր կատարման ենթակա որոշման նկատմամբ։ Միջանցը փակ է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, ինչը հումանիտար դժվարություններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար՝ էապես խաթարելով խաղաղության հեռանկարները։
Կոչ ենք անում Բաքվին անհապաղ վերանայել իր գործողությունները, պարտավորվել խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և հետևել միջազգային հանձնառություններին ու նորմերին։ Եվրամիությունը պատրաստ է օգնելու կողմերին բանակցությունների միջոցով լուծելու բոլոր տարաձայնությունները։ Ավելին՝ ցավալի է, որ նման գործողություններն իրականացվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ»։
Եվրապատգամավորները կոչ են արել միջազգային հանրությանը զգոն լինել՝ արձագանքելու ագրեսիվ հռետորաբանությանը և գործողություններին, որոնք խոչընդոտում են կողմերի միջև հաշտեցումը:
ԵՄ-Ն ՊԵՏՔ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ. ՍԵՆԱՏ
«Լաչինի միջանցքի արգելափակված է, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունը հայացքն այլ կողմ է ուղղել» կոչ-ուղերձը հրապարակվել է Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի պաշտոնական կայքէջում՝ Սենատի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորությամբ ավելի վաղ Հայաստան ժամանած պատվիրակության նախաձեռնությամբ:
Սենատի անդամները Ֆրանսիայի կառավարությանը կոչ են անում խստորեն դատապարտել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումը՝ այն համարելով միջազգային իրավունքի հերթական խախտում։ Ֆրանսիացի սենատորները Եվրամիությունից պահանջում են խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Նրանք ափսոսանք են հայտնել երկակի ստանդարտների համար՝ դատապարտելով Ադրբեջանի հետ Եվրամիության գազային համաձայնագիրը:
Սենատորների կարծիքով՝ եվրոպական արժեքները և ժողովրդավարությունը, որոնք պաշտպանվում են ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, պետք է նույն եռանդով պաշտպանվեն նաև Հայաստանի ինքնիշխանության և հայ ժողովրդի իրավունքների տեսանկյունից։
Ֆրանսիական կողմն անհրաժեշտ է համարում վերականգնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժը և հարգել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Առաջարկվում է նաև Հայաստանին միջոցներ տրամադրել՝ երկրի սահմանների անձեռնմխելիությունը երաշխավորելու և պաշտպանվելու համար։
ԿԱՆԱԴԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲԱՑԵԼ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ
Կանադան խորապես մտահոգված է ադրբեջանական անցակետի տեղադրմամբ Լաչինի միջանցքում, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ միջոցն է: Այդ քայլը խաթարում է տարածաշրջանի կայունությունն ու խաղաղության գործընթացը՝ ասված է Կանադայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
«Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում վերաբացել Լաչինի միջանցքը: Այն պետք է շարունակի բաց մնալ և առանց խոչընդոտների, որպեսզի ապահովվի մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժը: Կանադան կողմերին կոչ է անում վերսկսել բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով իրավիճակի հետագա սրումից կամ թշնամական գործողություններից»,- նշում են Կանադայի ԱԳՆ-ում: