Ալկոհոլային խմիչքների արտադրության համար կսահմանվեն տարեկան տուրքերի մատչելի դրույքաչափեր: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Գործունեության իրականացման ծանուցման» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալը: Փոփոխությունների նպատակը ծանուցման ենթակա մի շարք ոլորտներին աջակցելն ու ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դարձնելն է:
Անի Իսպիրյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են տարեկան տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր:
Գործող օրենսդրությամբ ծանուցման գործընթաց է անցկացվում գործունեության 19 տեսակի համար, կառավարությունն առաջարկում է 6-ի դեպքում հրաժարվել դրանից, 1 ոլորտի համար ավելացնել:
Անի Իսպիրյան - Անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրությունից, անասնաբուժասանիտարական փորձաքննությունից, բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրությունից և վաճառքից, լիկյորների, մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրությունից, գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների, մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրությունից և գարեջրի արտադրությունից: Սրանցից հրաժարվում ենք:
Ինչ վերաբերում է ծանուցվողների ցանկում մեկ ոլորտի ավելացմանը, խոսքը վիսկի, ռոմ, ջին տեսակի թունդ ալկոհոլային խմիչքների արտադրությանն է վերաբերում:
Անի Իսպիրյան - Այդ տեսակի ալկոհոլային խմիչքները Հայաստանում դասական չեն համարվում՝ ի տարբերություն կոնյակի, գինու, գարեջրի: Մենք սահմանում ենք մեկ միասնական տուրք, այսինքն՝ նշված խմիչքներ արտադրելու համար արտադրողը վճարում է մեկ անգամ տուրք և կարող է զբաղվել ցանկացած տեսակի արտադրությամբ, արդեն ունենք տնտեսվարողներ, որոնք մրցում են արտասահմանյան արտադրողների հետ և արտահանվում են:
ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ԺԱՄԱՆԱԿ ՀՀ-ԱՊՀ ՄԻՋԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում էլ «Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու քննարկումն էր: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նկատեց, որ վերջին տարիներին արտակարգ իրավիճակների զարգացման վտանգ ներկայացնող վարակիչ հիվանդությունների ռիսկերը մեծացել են:
Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Վերջին նման իրավիճակներից էր կորոնավիրուսային հիվանդությունը: Այս համաձայնագիրն ուղղված է ԱՊՀ մասնակից երկրների միջև համագործակցության ուժեղացմանն այն դեպքերում, երբ պետությունները միայնակ չեն կարողանում որոշակի լուծումներ իրականացնել, կանխարգելել հիվանդությունների հետագա տարածումը, և այդ փոխօգնությունը հիմնված է լինելու համաճարակաբանական մասնագիտացված խմբերի միջոցով փոխօգնության տրամադրմանը:
Առողջապահական անվտանգությանը վերաբերող համաձայնագիրը ստորագրվել է Աստանայում 2022-ի հոկտեմբերի: ԱՊՀ երկրների ցանկում նաև Ադրբեջանն է: Հայաստանը համաձայնագիրը ստորագրել է հատուկ կարծիքով, Ադրբեջանը՝ վերապահումով:
Լենա Նանուշյան - Հայկական կողմն անհրաժեշտ է համարել նշել հետևյալը՝ սույն փաստաթղթի դրույթները ՀՀ-ի կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ կիրառվելու են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ և 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ամրագրված բոլոր պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ՀՀ օկուպացված տարածքների ամբողջական ազատման, ագրեսիայի հետևանքների վերացման և ԼՂ հակամարտության քաղաքական, դիվանագիտական կարգավորման արդյունքներով՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նպատակների իրագործման շահերից ելնելով:
Ադրբեջանական կողմն էլ նշել է, որ համաձայնագրի դրույթները չեն կիրառվելու Հայաստանի նկատմամբ՝ մինչև հակամարտության հետևանքների ամբողջական վերացումն ու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը: Գլխադասային հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը: Ներկայացված օրինագծերն արժանացան գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությանը:
Հեղինակ՝ Անի Օհանյան