ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը շարունակվում է: Ի թիվս այլ հարցերի՝ հայաստանյան պատվիրակության անդամները բարձրաձայնում են Հարավային կովկասում զարգացումների, մասնավորապես, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Իսլանդիայի արտգործնախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրին է դիմել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Հռիփսիմե Գրիգորյանը:
Հռիփսիմե Գրիգորյան (ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ) - Տիկին նախարար, բոլորս բախվում ենք անվտանգության և մարդու իրավունքների ոլորտում անհավանական մարտահրավերների: Այս համատեքստում, շատ մեծ են Ռեյկյավիկի գագաթնաժողովից սպասելիքները. այն կարող է վերագործարկել Եվրոպայի խորհուրդը՝ որպես իրական ժողովրդավարության և օրենքի գերակայության գործիք:
Գրիգորյանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահից հետաքրքրվել է՝ ինչ կարելի է ակնկալել գագաթնաժողովից՝ անվտանգային մարտահրավերների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության և Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետ կապված խնդիրների հաղթահարման տեսանկյունից։
Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիր (ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Իսլանդիայի ԱԳ նախարար) - Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը, իհարկե, մտահոգիչ է։ Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը պետք է ապահովվի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան։ Տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետ կապված ես իմ մտահոգությունները հայտնել եմ դեռ ամիսներ առաջ և կարող եմ միայն կրկնել իմ կոչը՝ պետք է երաշխավորել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։
2001 թվականին դառնալով կազմակերպության անդամ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են գտնել հակամարտության խաղաղ լուծումը։ Երկու երկրներն էլ պետք է գործեն իրենց պարտավորություններին համապատասխան, պետք է զերծ մնան սադրանքներից: Հետագա էսկալացիայից խուսափելու հարցում երկխոսությունն առանցքային դեր է խաղում։
Ինչ վերաբերում է մայիսին Ռեյկյավիկում սպասվող գագաթնաժողովին՝ Իսլանդիայի ԱԳ նախարարն ընդգծել է՝ օրակարգում է լինելու ագրեսիայի, հանցագործությունների քննության հատուկ դատարանի ստեղծման հարցը: Նրա խոսքով՝ դեռ հստակություն չկա, թե այն ինչ տեսք կունենա, սակայն այդ հարցում առաջնային են համարում ագրեսորներին պատասխանատվության ենթարկելու հարցը:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՃՆՇՈՒՄ ԳՈՐԾԱԴՐԵԼ. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայաստանյան պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթով հանդես է եկել նաև «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա և ազգային սահմանադրություններ» թեմայով քննարմանը: Նա անդրադարձել է 2022թ. դեկտեմբերի 21-ին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշմանը` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ:
Հռիփսիմե Գրիգորյան - Չկատարելով դատարանի որոշումը՝ այս կառույցում մեր ադրբեջանցի գործընկերները հերքում էին շրջափակման փաստը, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կապը այսպես կոչված «էկոակտիվիստների» հետ, որոնք փակել են ճանապարհը: Այս կիրակի Ադրբեջանը հսկիչ անցակետի տեղակայման աշխատանքներ սկսեց: Վստահ չեմ, որ անգամ սրանից հետո նրանք կընդունեն շրջափակման փաստը: Տեղում պետք է ստեղծվի միջազգային դիտորդության հնարավորություն։ Այսպիսով, մենք պետք է որոշենք` արդյոք կարող ենք մեզ թույլ հանդուրժել այս ամենը, թե՞ վերջապես կհավաքենք մեր ուժերը՝ պաշտպանելու մարդու իրավունքները և ժողովրդավարությունը բռնապետությունից:
Պատգամավորը նշել է նաև, որ քանի դեռ բոլորը զբաղված են Ուկրաինայի պատերազմով՝ Ադրբեջանը փորձում է իր նպատակներին հասնել՝ խախտելով միջազգային իրավունքը և ուժ կիրառելով: Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանի վրա հարկավոր է ճնշում գործադրել, հակառակ դեպքում այդ երկիրը կշարունակի իր գործելաոճը:
Ադրբեջանական պատվիրակության անդամները նույնպես հանդես են եկել ելույթներով, հերթական անգամ մեղադրել հայկական կողմին իբր ոչ կառուցողական քաղաքականություն վարելու համար, հայտարարել, թե Ադրբեջանը պատրաստ է խաղաղության, կոչ արել Երևանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և ստորագրել խաղաղության պայմանագիրը: