Իսպանիա այցի շրջանակներում գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է Սանտա Կոլոմա դե Գրամանետ քաղաքապետարանի տարածքում Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությանը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի և ի զորակցություն հայ ժողովրդի։ Միջոցառումը կազմակերպվել էր Կատալոնիայի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ և Սանտա Կոլոմա դե Գրամանետ քաղաքապետարանի աջակցությամբ։ Այդ մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Արարողությանը ներկա են եղել տեղի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ։ Դիմելով Սանտա Կոլոմայի քաղաքային իշխանություններին՝ գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և տեղի հայ համայնքի հետ սերտ համագործակցության համար։ Գլխավոր հանձնակատարը կարևորել է նաև Սանտա Կոլոմայի հայ համայնքի ակտիվությունը և նախաձեռնողականությունը։
Հիշեցնենք, որ մինչ այժմ Իսպանիայի 40 քաղաքներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։