Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան: Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանի քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման ակնհայտ խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում: Արդեն չորս ամիս է` Ադրբեջանը փակել է Հայաստանն Արցախին կապող ճանապարհը, և 2 ամիս է` անտեսում է Լաչինի միջանցքով մարդկանց, ավտոմեքենաների, բեռների երկկողմ անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Հաագայի որոշումը:
Եղիշե Կիրակոսյան (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Ցավոք, Ադրբեջանը ոչ միայն չկատարեց այս որոշումը, այլև ձեռնամուխ եղավ միջազգային արշավի՝ աղավաղելով որոշման բովանդակությունը: Ի պատասխան` մենք քայլեր ձեռնարկեցինք թե՛ դատարանում, թե՛ ՄԱԿ-ում` ներկայացված նամակների տեսքով: Ինչ տեղի ունեցավ օրեր առաջ, ավելի ցցուն խախտում էր որոշման, շատ ավելի հստակ ու աներկբա: Այս պահին ակնկալում ենք դատարանի ընթացքը, նամակն ուղակելու է Ադրբեջանին, Ադրբեջանը ներկայացնելու է իր պատասխանը:
Հայաստանի նամակն Արդարադատության միջազգային դատարանն ուղարկելու է Ադրբեջանին, որին պետք է պատասխանի Բաքուն: Գործընթացի ժամկետ չի նշվում, բայց, ըստ ամենայնի, խոսքը օրերի մասին է: Կիրակոսյանի խոսքով՝ անկախ դրանից, իրենք պարբերաբար իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ կներկայացնեն դատարան:
Եղիշե Կիրակոսյան - Վստահ ենք, որ դատարանն էլ հասկանում է, որ խոսքը 100 հազար և ավելի անձանց կյանքի և առողջության, բոլոր հիմնարար իրավունքների մասին է: Ոչ միայն ցուցարարների մասին է այստեղ խոսվում, երբ Ադրբեջանը փորձում էր կեղծ ապացուցել ցուցարարների պատրվակը, որին ոչ մեկը չէր հավատում, հիմա կոնկրետ գործողություններով է փակվում, դա ենք ներկայացնում, միջազգային արձագանքը, այլ ապացույցներ, որոնք հիմնավորում են մեր փաստարկները նամակում, ակնկալելու ենք Ադրբեջանի պատասխանն ու դատարանի գործողությունները:
Հայաստանը ավելի քան մեկ ամիս առաջ բարձրացրել էր Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու որոշման չկատարման հարցը, պատասխանել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված Ադրբեջանի նամակին, որով Բաքուն փորձ էր արել կեղծ թեզերով մոլորեցնել միջազգային հանրությանը: Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ նամակով դիմելն ամենաարագ հնարավորությունն է: Հաջորդ քայլը, ըստ նրա, կարող է լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելը:
Եղիշե Կիրակոսյան - ԱԽ հարցը տանելը մի փոքր քաղաքական գործընթաց է ենթադրում, որտեղ մեր ԱԳՆ գործընկերների ներգրավվածությունն է կարևոր, կոնսուլտացիաներ պետք է տարվեն, որ հարցը բերեն օրակարգ, կարևոր ուղղություն է: Նաև վարչապետն էր արել հայտարարություն, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով քննվող «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով Հաագայի դատարան են ներկայացվել Հայաստանի նախնական առարկություններն Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ՝ փաստարկված հիմնավորելով Ադրբեջանի հայցապահանջների վերաբերյալ դատարանի իրավազորության բացակայությունն ու դրանց անընդունելի լինելու հանգամանքը։
Եղիշե Կիրակոսյան - Դատարանը կասեցրել է գործի ըստ էության քննությունը` մինչև Հայաստանի ներկայացրած առարկությունների մասին որոշման կայացումը։ Օրինակ՝ ժամանակային իրավազորություն կամ առարկայական, այսինքն՝ ընկնում է այն կոնվենցիայի մեջ, որի հիման վրա դատական վեճը ներկայացրել ենք: Ադրբեջանն էլ է ներկայացրել առարկություններ, դա կանենք մենք:
Գրավոր փուլին կհաջորդեն դատական լսումները, կքննարկվեն առարկությունների ապացույցները: Եվրադատարան էլ Հայաստանն Ադրբեջանի դեմ ներկայացրել է 4, Թուրքիայի դեմ` 1 միջպետական գանգատ: Առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին, երկրորդը՝ գերիների ապօրինի դատավարություններին, երրորդը Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի տեղակայմանը: Կիրակոսյանի խոսքով՝ այս գանգատը լրացվել է ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ փաստերով: 2022-ի մարտին տեղի ունեցած Փառուխի, ավելի ուշ` Քարագլխի, Աղավնո, Սուս գյուղերի դեպքերի ու նաև Լաչինի միջանցքի փակման հարցերը ներկայացված են չորրորդ գանգատում: Թուրքիայի դեմ ՀՀ հայցը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու ու վարձկաններ հավաքագրելու փաստին: