Շուրջ 30 տարվա դադարից հետո Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացրած օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: Ինքնաթիռի անձնակազմին դիմավորեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Գնել Սանոսյանը շնորհակալություն հայտնեց օդաչուներին՝ փորձնական թռիչքն իրականացնելու համար, ընդգծեց՝ այն կարևոր է դեպի Կապան չվերթերը վերականգնելու համար:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Սրան կհաջորդեն արդեն քննարկումներ, թե ինչ արդյունքներ ունենք, ինչ դիտարկումներ կան, ինչ վերլուծություններ է պետք անել մասնագիտական դաշտում, իսկ հեռանկարում, իհարկե, մեր նպատակը կանոնավոր չվերթեր կազմակերպելն է այս ամենը վերլուծելուց հետո:
Սյունեցի բանաստեղծ Համո Սահյանի անունը կրող, 19 ուղևորի համար նախատեսված օդանավի հրամանատարը թեև քաղաքացիական ավիացիայում է 1986 թվականից, այսօր դեպի Կապան թռիչք էր իրականացնում առաջին անգամ: Գրիգոր Հովսեփյանը նշեց՝ չվերթին պատրաստվել են երկար, մանրամասն ուսումնասիրել թռիչքի անվտանգ սխեմաները: Կապանում օդանավը կատարել է փորձնական 13 մոտեցում և 6 վայրէջք:
Գրիգոր Հովսեփյան (օդանավի հրամանատար) - Ստուգեցինք այդ բոլոր սխեմաները, որը գծվել էին, համապատասխանում է հաշվարկներին ամեն ինչը:
Օդանավով Երևանից Կապան հնարավոր է հասնել մոտ 50 րոպեում: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի խոսքով՝ Սյունիքի մարզկենտրոնի օդանավակայանի վերագործարկումը մեծ նշանակություն կունենա քաղավիացիայի ոլորտի զարգացման համար:
Միհրան Խաչատրյան (Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ) - 80-ական թվականների մոտավորապես 10 չվերթ էին կատարում օրական, բացի դրանից, շատ կարևոր է կապել Սյունիքը մայրաքաղաքի և Գյումրիի հետ:
Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշներին համապատասխան, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել 2020 թվականին: Ոլորտի պատասխանատուներն առաջիկայում նպատակ ունեն այն դարձնել նաև միջազգային:
Միհրան Խաչատրյան - Մենք չենք պլանավորում կատարել թռիչքներ միայն Երևանից Կապան, մենք պլանավորում ենք կատարել թռիչքներ նաև արտասահման, այսինքն՝ Կապանից կարող ենք թռնել և՛ Պարսկաստան, և՛ Ռուսաստան, և՛ Վրաստան, Բաթում, Սոչի:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծեց՝ երկու շաբաթվա ընթացքում կկատարվի փորձնական թռիչքի տվյալների վերլուծություն: Դրանց ավարտից հետո դեպի Կապան կանոնավոր ուղևորափոխադրումները հնարավոր կլինի վերականգնել մեկ ամսվա ընթացքում:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան