Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է 2023 թ. առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքը:
Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել է ամփոփ հաշվետվություն՝ նշված ժամանակահատվածում պետական բյուջեի ծրագրերի և միջոցառումների ֆինանսական կատարողականի վերաբերյալ: Անդրադարձ է եղել ըստ գերատեսչությունների տրամադրված հատկացումներին և կատարված կապիտալ ու ընթացիկ ծախսերին: Զեկուցվել է 2023 թ. առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտների և ծախսերի ծավալի, ինչպես նաև ՀՆԱ-ի աճի գնահատականի մասին:
Նշված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում: Արծարծվել են մակրոտնտեսական զարգացումներին, 2023 թ. պետական բյուջեի արդյունավետ իրականացմանը, ընթացակարգերի և օրենսդրական դաշտի լավարկմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել հետագա անելիքների շուրջ:
Վարչապետը կարևորել է պետական բյուջեի՝ պատշաճ մակարդակով կատարումը և հանձնարարել հետևողական լինել նախատեսված կապիտալ ու ընթացիկ ծախսերի, պետական առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի իրականացման հարցում: