Կապույտ վառելիքը վերջապես մտավ նաև Աղավնավանք՝ Դիլիջան համայնքի միակ գյուղը, որ գազիֆիկացված չէր: Թեև բնակավայր մտնող գազատարը և թաղամասեր տանող խողովակաշարը դեռ 10 տարի առաջ էին կառուցվել, բայց բնակիչներն այդպես էլ գազը չեն տեսել; Այս տարիներին դրանք վնասվել և նորոգման կարիք ունեին, ինչն էլ իրականացվեց Դիլիջանի համայնքապետարանի և բարերարների աջակցությամբ:
Վարդան Գրիգորյան (Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման բաժնի պետ) - Տարիների ընթացքում բավական վթարներ են եղել, տարիներ շարունակ էդ խողովակաշարը վթարված վիճակում է եղել, ամբողջությամբ վերանորոգվել է, նոր՝ ներտնային միացումներ են սկսվել; Դիլիջանի համայնքապետարանի և «ԳազպրոմԱրմենիա» ընկերության Տավուշի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ գյուղը այսօր գազիֆիկացվել է, եղել են նաև փաստաթղթային խնդիրներ, որոնք օրենքի սահմաններում կարգավորվել են:
Այս օրվան Աղավնավանքում սպասել են մոտ 35 տարի: Միրզոյանների ընտանիքն այս գազօջախը ձեռք է բերել գազատարի կառուցման ժամանակ, չգիտեին, որ այն գործածելու են միայն մեկ տասնամյակ հետո; Հիմա նաև ավելացել է ջրատաքացուցիչը; Կենցաղը փոխվել է, այժմ խոհանոցում ավելի հաճելի, հարմարավետ ու հեշտ է՝ ասում է Վեներան:
Վեներա Միրզոյան (Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի բնակիչ) - Մաքուր է, արագ է, տանտիկինը ուզում է ճաշ եփի, արագ ստացվում է, մինչև փեչը վառենք, ճաշ եփենք, ընտանիքը սպասում է, իսկ գազով վռազ սարքում ես:
Ասում են՝ առաջին անգամ ցնցուղով լողացան, մինչ այդ վառարանի վրա ջուր էին տաքացնում: Իսկ վառարանին դեռ լիովին հրաժեշտ չեն տվել, այն հիմա միայն տունը տաքացնելու համար են օգտագործում, բայց գալիք ձմռանը, հուսով են, դա էլ չի լինի:
Կամո Միրզոյան (Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի բնակիչ) - Էս խողովակը զապաս պահում ենք տան ջեռուցման համար, որպեսզի ունենանք բաքսի առաջիկա ձմռան համար:
Գազի մուտքը կնվազեցնի նաև վառելափայտի պահանջարկը, բնակիչները անտառի կողմը չեն նայի՝ ասում են համայնքապետարանում: Գյուղի 80 տնտեսության կեսից ավելին արդեն դիմել են գազի ներտնային միացման համար: