2023 թվականի մարտի 24-ին ստորագրված համաձայնագրով կարգավորվում են Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրասիական զարգացման բանկի մասնակցության իր մասնաբաժնի` ՀՀ-ին փոխանցման և Հայաստանի Հանրապետության կողմից վերջինիս ընդունման հետ կապված իրավահարաբերությունները: Սահմանվում են մասնակցության մասնաբաժնի դիմաց ռուսական կողմի օգտին հայկական կողմից վճարման իրականացման կարգը և ժամանակացույցը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Հստակեցվում է պարտավորությունները չկատարելու դեպքում իրականացված վճարի վերադարձման և մասնակցության մասնաբաժնի նկատմամբ սեփականության իրավունքը հետ փոխանցելու կարգը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում:
Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում Ռուսաստանի Դաշնության մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Էդուարդ Հակոբյանը նշել է, որ նախագծով ռուսական կողմը պարտավորվում է որպես ՀՀ սեփականություն փոխանցել 64 մլն դոլար արժեքով 64 հազար բաժնետոմս, իսկ հայկական կողմը պարտավորվում է ապահովել իր կողմից մասնաբաժնի ընդունումը և վճարման կատարումը` համապատասխան մասնաբաժիններով առաջիկա չորս տարիների ընթացքում: Մասնավորապես 2024-2027 թվականներին յուրաքանչյուր տարի վճարել 16 մլն դոլարին համարժեք ռուբլի` մասնաբաժիններ ձեռք բերելու համար:
Նշվել է, որ ներկայումս մեր բաժնեմասը 0,007 տոկոս է, որը կդառնա 4.23 տոկոս: Ըստ փոխնախարարի` մոտ 66 տոկոս Ռուսաստանի մասնաբաժինը կրճատվում է` դառնալով 44.8 տոկոս, իսկ մնացած մասը հավասարաչափ բաժիններով բաշխվում է մյուս մասնակիցների միջև:
«Սա կարևոր քայլ է, որովհետև բանկը հնարավորություն կունենա շարունակաբար հասանելիություն ունենալ միջազգային ֆինանսական շուկաներում, որտեղ ֆինանսավորում է ձեռք բերում և հատկացնում անդամ երկրների մասնավոր սեկտորներին»,- ասել է Էդուարդ Հակոբյանը և հավելել, որ բաժնետոմսերի մասով մեր որոշումը համահունչ է Կառավարության կողմից վարվող միջազգային ֆինանսական կառույցների հետ վարվող հավասարակշռված ֆինանսական քաղաքականությանը:
Փոխնախարարը նշել է նաև, որ եթե ներկայիս ռազմավարությամբ 287 մլն դոլարի սահմանաչափ ունենք, ապա ձեռք բերված պայմանավորվածություններով առաջիկայում այդ սահմանաչափը կբարձրանա մինչև 500 մլն, որը թույլ կտա բարձրացնել մասնավոր սեկտորի հասանելիությունը նման ռեսուրսներին:
Ըստ Էդուարդ Հակոբյանի` մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ՀՀ-ն փոքր բաժնեմաս ունեցողների մեջ ամենամեծ կշիռն ունի` 5.8 տոկոս, որը 256 մլն դոլարի չափով է: «Այս ցուցանիշը հաստատուն աճելու միտում ունի»,- նշել է փոխնախարարը:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի` մեր երկիրն ի՞նչ այլ օգուտներ կարող է ունենալ հարցին ի պատասխան` ՀՀ ֆինանսների փոխնախարարը փաստել է, որ հիմնականում դրանք ֆինանսատնտեսական և ներդրումների լայն հնարավորություններ են ստեղծվելու:
Օրենքի նախագծին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվել և ի գիտություն է ընդունվել Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի 2023 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը` կատարած աշխատանքների վերաբերյալ: Ըստ Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Աշոտ Եղիազարյանի: Բյուջետային գրասենյակը հաշվետու ժամանակահատվածում ստացել է 26 հարցում` պատգամավորական, խմբակցություններից և մշտական հանձնաժողովներից: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել է 114 տեղեկանք: Դրանք տրամադրվել են Ազգային ժողովի նախագահի տեղակալներին, մշտական հանձնաժողովներին ու խմբակցություններին, ինչպես նաև պատգամավորներին: Վեց տեղեկանք եղել է վերլուծական բնույթի, 33-ը մեր երկրի պետական պարտքի վերաբերյալ է եղել: Փորձագետի հավաստմամբ 10 օրը մեկ տեղեկանքներ են ներկայացնում` ըստ պատկանելության:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, կարևորելով ԱԺ բյուջետային գրասենյակի գործունեությունը, առաջարկել է ավելացնել գրասենյակի գործառույթներն ու ընդլայնել գործունեության շրջանակը, ինչն ընդունվել է: