Աշխարհն այժմ շատ ավելի մեծ վտանգի առաջ է կանգնած, քան Սառը պատերազմի ժամանակ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր աշխարհում բազմակողմանիության ապահովմանը։
Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին՝ Լավրովը նշել է. «Ուկրաինայի հարցը չի կարող դիտարկվել աշխարհաքաղաքական համատեքստից դուրս։ Խոսքն ամենևին էլ Ուկրաինայի մասին չէ, խոսքն այն մասին է, թե ինչպես կձևավորվեն միջազգային հարաբերությունները, արդյոք դրանք կհիմնվեն շահերի հավասարակշռությա՞ն, թե՞ Արևմուտքի պայթյունավտանգ հեգեմոնիայի խթանման վրա»:
Նա Նյու Յորքում հանդիպել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է փոխանցել՝ ներկայացնելով հացահատիկի գործարքի իրականացման հետ կապված՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության գաղափարները:
Լավրովն էլ մտահոգություն է հայտնել, որ համաշխարհային շուկաներ ռուսական պարենամթերքի և պարարտանյութերի հասանելիության մասով Ուկրաինայի հետ ձեռք բերված համաձայնությունները չեն կատարվում: