Ութ ամիս անազատության մեջ գտնվող՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է: Նախկին բարձրաստիճան սպայի գործով առաջին նիստը դռնփակ է անցկացվել, ինչին, սակայն, դեմ է եղել պաշտպանական կողմը՝ պնդելով, որ գործը կարևոր է ու հնչեղ:
Երեմ Սարգսյան (Միքայել Արզումանյանի պաշտպան) - Ես միջնորդելու եմ, որպեսզի դռնբաց դատական նիստ լինի, որ էս հարցը հրապարակային քննվի: Եվ բոլորը տեսնում են, թե արդյոք էդ տեղեկությունը, որը հաղորդվում է պաշտոնական մակարդակով, ճի՞շտ է, թե՞ ոչ:
Դռնփակին, սակայն, կողմ են եղել հանրային մեղադրողները՝ Վազգեն Վարդանյանն ու Հայկ Ռափյանը:
Դռնփակ նիստի մանրամասները լրագրողներին հայտնեց Արզումանյանի պաշտպանը: Նշեց՝ նիստը դռնբաց քննելու միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է: Ինչից հետո պաշտպանը մեղադրողներին բացարկի միջնորդություն է ներկայացրել, որը ևս մերժվել է: Այնուհետև դատարանը որոշել է երկարաձգել կալանքը: 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Արզումանյանը մեղադրվում է Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութության, երկրորդ դրվագով՝ իշխանազանցության համար: Այդ հոդվածի քննությունը վերապահված է Հակակոռուպցիոն դատարանին, դա է պատճառը, որ գործը հենց այդ ատյանում է: Արզումանյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Երեմ Սարգսյան - Միքայել Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատար 2020 թվականի հոկտեմբերի 26-ին, այսինքն՝ այն պահին, երբ արդեն մեկ ամիս անցել էր պատերամզից, և, ըստ էության, ծայրահեղ վատ վիճակում էր գտնվում բանակը:
Ըստ գործի նյութերի՝ հակառակորդին դեռ նոյեմբերի 5-ի երեկոյան է հաջողվել մուտք գործել Շուշի, բայց նոյեմբերի 6-ին Արզումանյանը վերադաս հրամանատարությանը զեկուցել է, թե իրադրությունը բարդ է, բայց վերահսկելի է:
Երեմ Սարգսյան - Եթե որևէ մեկը կասի, որ իրենք՝ ոչ մեկը, տեղյակ չէին, թե էնտեղ ինչ է կատարվում, դա հրապարակային Արայիկ Հարությունյանն էր ասում, Արծրուն Հովհաննիսյանն էր ասում, ամեն օր ասում էին, թե ինչ է տեղի ունենում: Էս ամեն ինչը բացահայտ է եղել, ուզում են ասել, որ որևէ մեկը չի իմացել դրա մասին, թե հակառակորդը ինչքան է առաջ եկել, և Արզումանյանն էլ որ ասել է՝ իրավիճակը վերահսկելի, վերահսկելի էնքանով, որքանով դեռևս պաշտպանություն է իրականացնում, այսինքն՝ չի դադարել պաշտպանվելը:
Արզումանյանի մեղադրանքի մյուս դրվագը վերաբերում է «Արեգա» բարձունքին, այդ ժամանակ նա հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալն է եղել: Ըստ մեղադրանքի՝ բարձաստիճան նախկին սպան գրաված բարձունքից նահանջելու հրաման է տվել, պաշտպանը, սակայն, պնդում է՝ դիրքը հայկական կողմը գրաված չի եղել:
Երեմ Սարգսյան - Էն անձինք, որոնք էդտեղ ներկա են եղել, ունեն որոշակի այլ խնդիրներ այլ ցուցմունքներ տալու:
«Լուրերի» հարցին՝ Արզումանյանը, այնուամենայնիվ, բարձունքում եղե՞լ է, պաշտպանը դրական պատասխան տվեց, նշեց՝ ստորաբաժանում է եղել, որի հետ կապը կտրվել է, և Արզումանյանն այնտեղ է մեկնել՝ նրանց գտնելու:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան